«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական բակի տարածքում գտնվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի արտադրամասում 11 մարդ է աշխատում, որից 3-ը բաց տիպի ռեժիմի դատապարտյալներ են:
«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի այս արտադրամասն ամենամեծն է: Այն ապահովում է 5 քրեակատարողական հիմնարկի հացի պահանջարկը:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հացաթխման արտադրամասի պետը յուրաքանչյուր օր մինչև ժամը երեքը «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Կենտրոն», «Արմավիր» և «Դապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներից հացի պատվեր է ստանում, և օրական մոտ 1000 կիլոգրամ ալյուր օգտագործում հաց պատրաստելու համար:
Արտադրամասում դատապարտյալներն իրենց ցանկությամբ են աշխատանքի ընդունվում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 09:00-ին և ավարտվում 17:00-ին:
Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Միջին աշխատավարձն այստեղ կազմում է 74 հազար դրամ, որը փոխանցվում է դատապարտյալների դեպոզիտային հաշվին:
Աշխատանքի մեջ ընդգրկելիս՝ հաշվի են առնվում դատապարտյալի հմտությունները: Նրանք նախապես ծանոթանում են աշխատանքի պայմաններին, անցնում բժշկական ստուգում, ստանում սանիտարական գրքույկներ, հետո միայն, ցանկության դեպքում, ստորագրում պայմանագիրն ու անցնում աշխատանքային պարտականությունների կատարմանը:
«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման արտադրամասեր են գործում նաև «Կոշ», «Արթիկ», «Սևան», «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում: Ընդհանուր առմամբ, այդ արտադրամասերում (ներառյալ Նուբարաշենը) աշխատում է 10 դատապարտյալ: