Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանում մասնակցել է ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որն ընթացել է «Ասիայի նոր ապագան» կարգախոսի ներքո՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և նրա մաս կազմող ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը: Նա ողջունել է համաժողովի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներին, և համաժողովին մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:
Բոաոյի համաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Միջոցառման ավարտին ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ համաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների:
Բոաոյում Նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի շրջանակներում նաև առանձնազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերություններին և փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Ավարտելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան: