ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Վանաձորում երկու անձի ծակող-կտրող ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության բաժանմունքից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են դիմել Ս. Մելիքյանը՝ աջ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով, և Ա. Մկրտչյանը՝ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով:

Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ Մ. Սարոյանը խուլիգանական դրդումներով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով անհիմն վիճաբանել և հարձակվել է Փ. Մելիքյանի վրա, որի ընթացքում իր մոտ առկա սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է հարձակումը հետ մղող Ա. Մկրտչյանի գոտկային շրջանին և Ս. Մելիքյանի կրծքավանդակի թիկունքային աջ շրջանին։ Հարվածների հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնասէ կյանքին վտանգ սպառնացող, մասնավորապես՝ ծակած-կտրած թափանցող վերք` աջակողմյան պնևմոթորաքսով և ենթամաշկային էմֆիզեմայով, իսկ Ա. Մկրտչյանի առողջությանը` թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

2015 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել Մ. Սարոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 117-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նկատի ունենալով, որ նա թաքնվում է քննությունից՝ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջոցներ են ձեռնարկվում՝ մեղադրյալ, հետախուզվող Մաթևոս Սարոյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: