«Ազգային երաժշտությունը ձևավորում է ազգային տիպ»: Նման կարծիք է YerevanNews.am-ին հայտնում երաժիշտ Վահան Արծրունին, ով կարծում է, որ ազգային երաժշտությունն անցյալի և ներկայի կապն է:
«Սա պետք է բնորոշ լինի յուրաքանչյուր ազգի։ Այսօր երիտասարդ սերունդը գրեթե չգիտե, թե ինչ է նշանակում «ազգային արժեք» ասվածը։ Տպավորություն է ստեղծվում, որ ամեն հարց կարևոր է մշակույթից զատ։ Իրական արժեքների գիտակցումը ձևավորող լծակները զբաղված են այլ հարցերով»,- ասում է Արծրունին։
Իսկ, ո՞րն է գրագետ քարոզման ճիշտ բանաձևը հարցին, Արծրունին պատասխանեց.«Լավագույն բանաձևը՝ ազգային երգը ճիշտ մատուցելն է։ «Մաղի» վրայով կարելի է անցկացնել այն կատարողներին, ովքեր փորձում են ներկայացնել ազգային երաժշտությունը և չեն ձախողում։ Հիմնականում փոփ երաժշտության ժանրում են փորձում որոշակի ստեղծագործություններ ներկայացնել։ Փոփ երաժշտության գերնպատակը՝ մարդկանց զբաղեցնելն է։ Երբ որևէ կատարող փորձում է կատարել ազգային ստեղծագործություն՝ այն դարձնում է իր կատարման ոճին ենթակա։ Այսինքն՝ իր նպատակը դառնում է, ոչ թե ազգային նյութի ճիշտ ներկայացումը, այլ այդ ստեղծագործությունը իր շահերին համապատասխան հրամցնելը։ Փոխվում է հարմոնիան, ռիթմը և ընդհանուր տրամադրությունը։ Շատ հաճախ տեքստին հակառակ տրամադրություն է ստեղծվում։ Այս ամենից հետո ստեղծագործությունը իր սկզբնական իմաստը կորցնում է»։
Ի՞նչ անել այս դեպքում։ Արգելե՞լ անհատներին որևէ կերպ անդրադառնալ ազգային մշակույթին հարցին, Արծրունին պատասխանեց. «Դրա անհրաժեշտությունը չկա։ Պարզապես պետք է խնդրին համապարփակ մոտեցում ցուցաբերել։ Նկատելի արդյունք ունենալու համար պետք է առավել համակարգված և լայնամասշտաբ աշխատանքներ տանել։ Եթե չկա ընդհանուր մշակութային քաղաքականություն, քարոզչություն, ապա ինչպես կարող ենք հասարակական արձագանքի և արդյունքի մասին խոսել։ Ազգային արվեստ քարոզելն արվեստագետի տիրույթը չէ։ Այս խնդրով պետք է Մշակույթի նախարարությունը զբաղվի»։
Պատրաստեց՝ Անահիտ Կասամանյանը