«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած դեմքի անհաղորդ, հպարտ ու նույն կետին նայող հայացքին, ժամն արդեն 16.00-ին երեխաների ոտքերը հոգնությունից դողում էին: Դրան էլ գումարած Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ մարդկանց նկարվելու անզուսպ ցանկությունը. ֆոտոխցիկների ամեն մի արձակած ձայնից չորս դպրոցահասակ երեխաները կարծես վեր թռչեին: Երկու աղջիկ եւ երկու տղա՝ բարձր դասարանցիներ, առավոտյան ժամը 10-ից նույն դիրքով կանգնած էին Ծիծեռնակաբերդում: «Իսկ մեր պատվո պահակներն իրավունք ունե՞ն խոսելու»,- հարցրի ես: Աղջիկներից մեկը մի պահ հայացքն ուղղեց ինձ, ապա նորից նույն կետին, առանց պատասխանի: «Ապրիլի 1-23-ը, ժամը 10-18-ը աշակերտները հերթափոխով կոգեկոչեն Ցեղասպանության զոհերի հիշատակը: Բնական էր այս պոռթկումը, ցանկությունը»,- խոսելով «Պատվո պահակ» նախաձեռնության մասին, նշել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Մինչ երեխաները «Քրիստոսի տանջանքներն» են կրում Ծիծեռնակաբերդում, մարդկանց մի մասը զայրանում է. «Իմա՞ստը»: Դե, իսկ մինչ մարդիկ փորձում են գտնել այդ ամենի բարոյահոգեբանական բացատրությունը, հոգեթերապևտ Հարություն Մինասյանն ընդամենը մեկ բառով նկարագրեց պատվո պահակի ակցիան. «Հիմարություն»: Երեխաներին կամ հենց մարդկանց ի՞նչ կտա այդ երեխաներին 8 ժամ անշարժ կանգնեցնելը: Հ. Մինասյանը հարցին հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ այն ժամանակ չի եղել այսպիսի բան, հատկապես հարյուրամյակի առթի՞վ պետք է լինի դա»:

Ի դեպ, մեր սփյուռքահայ հայրենակիցներն արդեն սկսել են այցելել Ծիծեռնակաբերդ: «Գիտենք, թե ինչ է կատարվելու ապրիլի 24-ին այստեղ, ասեղ գցելու տեղ չի լինի: Այդ պատճառով էլ շուտ ենք եկել հարգելու զոհերի հիշատակը»,- մի կերպ հայերեն բառերն իրար կպցնելով՝ ասաց մի հայուհի, ով եկել էր Ռուսաստանից: «Ռուսաստանում էլ այսպիսի պրակտիկա կա, բայց ավելի երկար են կանգնում, մինչև ուշ երեկո, բայց մեղք են, ինչի՞ համար կանգնեն, մանավանդ որ երեխաներ են, ոչ թե մեծահասակ զինվորականներ»: «Ամբողջ աշխարհում ընդունված են նման բաները, ինչի՞ մեզ մոտ էլ չլինի: Ուղղակի մենք սովոր ենք ամեն ինչին անուն կպցնել, դե հիմա միջոցառում ա, երեխեքն էլ հաճույքով եկել են, ինչո՞ւ ոչ»,- ասաց այգում նստած մի կին: «Չգիտեմ, ես այդքան կդիմանայի՞ այնտեղ կանգնած: Հալալ է»,- իրար մեջ խոսում էին երկու երիտասարդ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: