ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, զբոսաշրջային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Մարաթուկ» ընկերության հանդեպ հարուցվեց վարչական վարույթ: Այս մասին նշված է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Այս մասին որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 7-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում:
Տեղեկացնենք, որ մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են «Մարաթուկի» գործունեությանը՝ նշելով վերջինիս կողմից դրսևորվող հնարավոր հակամրցակցային գործողության մասին: Մասնավորապես, հոդվածներում նշվում է, որ ընկերությունը տարիներ շարունակ չարտերային թռիչքներ է իրականացնում Երևան-Հունաստանի Կրետե կղզի ուղղությամբ և այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք: Ըստ հրապարակումների, «Մարաթուկը» չարաշահելով իր դիրքը, նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների համար ստեղծում է մուտքի խոչընդոտներ: Ընկերությունը մեղադրվում է նաև սպառողներին մոլորեցնելու, մասնավորապես գովազդային բուկլետներում ոչ ճիշտ տեղեկատվություն նշելու և դրանք տարածելու մեջ:
«Մարաթուկ» տուրիստական գործակալության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման, այդ թվում` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման համար: