Երկրագնդում ապրում են բազմաթիվ ազգեր, որոնք պետք է ինչ-որ ձևով տարբերվեն միմյանցից: Կոմպոզիտոր Արա Գևորգյանը YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց, որ ազգի դաստիարակության գործում առաջին հերթին պետք է պահպանենք ազգային երևույթները, որոնք մեզ են պատկանում: Ազգային մշակույթով և ազգային ավանդույթներով է, որ պետք է հետաքրքրենք ամբողջ աշխարհին:
«Մենք պետք է մեր վարկանիշով բարձր լինենք մնացած ազգերից, պետք է կարողանանք քաղաքակիրթ աշխարհում առանձնանք, որ մեզ հարգեն, իսկ դա կարող ենք անել միայն մեր ազգային ինտելեկտի, մտավոր հարստության, մշակութային գանձարանի շնորհիվ: Մեր պապերը մեզ թողել են հարուստ արժեքներ, մշակութային գանձեր և մենք պարտավոր ենք դա բարձր պահել»,- ասաց Արա Գևորգյանը:
Իսկ, թե ինչ աշխատանքներ են տարվում մեր երկրում մշակութային գանձերը պահպանելու հարցում, Արա Գևորգյանը նշեց, որ կան անհատ մարդիկ, ովքեր փորձում են պահպանել մեր մշակութային ժառանգությունը:
«Այսօր ֆինանսների խնդիր կա, քիչ են հովանավորվում, բայց պետք չէ ամեն ինչ պետության վրա «գցել»: Ամեն մարդ, որ սկսի իր գործը լավ անել, միգուցե կարողանանք այդ խնդիրը լուծել»,-ասաց կոմպոզիտորը:
Խոսելով ազգային մշակույթն այսօր ճիշտ ներկայացնելու և մատուցելու մասին` կոմպոզիտորը նկատեց, որ պետք է հաճախակի ներկայացնել և խոսել մեր ազգային երաժշտության հիմնադիրների մասին:
«Եթե մենք այդ մարդկանց չենք ցուցադրում, ապա այսօրվա երգիչը որտեղի՞ց պետք է սովորի երգել, ումի՞ց պետք է սովորի ճիշտ կատարել: Եթե անցյալից ոչինչ չենք բերում այսօրվա ժամանակաշրջան, ապա բնական է, որ երգիչները պետք է երգեն այն, ինչ իրենց թելադրում է այսօրվա ճաշակը: Որոշ երգիչներ էլ հարևան երկրների երաժշտական մելիզմներն են օգտագործում իրենց երգում, որը ես ճիշտ չեմ համարում»,- նշեց Արա Գևորգյանը և հավելեց, որ իրեն հարգող երգիչ-երգչուհին երբեք չի երգի ցածր մակարդակի երգեր:
«Մեր երկրում որակյալ երգիչներ կան, որոնք երբեք իրենց դեմքը չփոխեցին, չգնացին հարսանիքի և փողի հետևից ու պահպանեցին իրենց դեմքը»,-եզրափակեց կոմպոզիտոր Արա Գևորգյանը:
Պատրաստեց՝ Անի Բաղդասարյանը: