Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր՝ ապրիլի 7-ին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Մայրության եւ գեղեցկության տոնի» առթիվ պարգեւներ է հանձնել մասնագիտական կրթության ոլորտի կին մասնագետներին:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից, շնորհավորելով բոլոր կանանց տոնի առթիվ` նախարարը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի «ամենագեղեցիկ» ոլորտներից մեկն է` հաշվի առնելով, թե ինչ մեծ քանակությամբ եւ դերակատարությամբ կանայք եւ աղջիկներ են աշխատում այնտեղ:
«Ուզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել բոլոր ուսուցիչ, մանկավարժ եւ դասախոս հայ կանանց`շնորհակալություն հայտնելով իրենց անբասիր աշխատանքի եւ ավանդի համար: Հատուկ շնորհավորում եմ նաեւ հայ ուսանողուհիներին, ովքեր իրենց ներկայությամբ ոչ միայն գեղեցկացնում են մեր ոլորտը, այլ տալիս են փայլուն սովորելու օրինակներ: Մաղթում եմ, որ անպակաս լինի ձեր գեղեցկությունը, երջակությունն ուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում, որ մոտակա տարիներին ձեզ շնորհավորենք ոչ միայն գեղեցկության, այլ նաեւ մայրության բաղադրիչով:
Մենք սովորաբար մեծարում եւ շնորհակալություն ենք հայտնում հայ ուսուցիչներին` նկատի ունենալով դպրոցներում աշխատող մեր կին մասնագետներին: Այսօր նման ձեւաչափով առաջին անգամ ենք մեծարում մասնագիտական կրթության ոլորտում աշխատող կանանց, որոնց տրված պարգեւները գուցե նաեւ մի քիչ ուշացած են: Մեր սերը եւ հարգանքը թող ուղեկցի ձեզ ողջ կյանքում»,-նշել է նախարար Արմեն Աշոտյանը` եւս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի բուհերում, քոլեջներում եւ ուսումնարաններում աշխատող բոլոր կին դասախոսներին` նրանց ընտանիքներին մաղթելով ամենայն բարիք եւ աշխատանքային հաջողություններ:
Նշենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւի` «Ոսկե հուշամեդալի» են արժանացել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դասախոս Սուսաննա Թումանյանը եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Լարիսա Ավետիսյանը: Մի խումբ դասախոսներ պարգեւատրվել են նախարարության պատվոգրերով եւ շնորհակալագրերով:
Միջոցառման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը երաժշտական անակնկալ-նվեր էր պատրաստել հայ կանանց համար` նրանց նվիրելով իր հեղինակած «Ինձ խոստացիր» ստեղծագործությունը, որը կատարել է երգիչ Հայկոն: