Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության դեմ պայքարը նոր փուլ է թևակոխում: Իրաքի հյուսիսային Սալահ ալ-Դին նահանգի վարչական կենտրոն հանդիսացող, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Թիքրիթի ազատագրումից հետո լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում երկրի՝ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքն իսլամականներից վերադարձնելու ուղղությամբ:
Այս համատեքստում, օրերս Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության (ԻՔՏԿ) վարչական կենտրոն՝ Էրբիլ քաղաք էր մեկնել երկրի վարչապետ Հեյդար ալ-Իբադիի գլխավորած բավականաչափ ներկայացուցչական ռազմական պատվիրակությունը, որի գլխավոր նպատակն ընդհանրապես Նինվեյի նահանգի և մասնավորապես՝ Մոսուլի ազատագրման վերջին մանրամասների համաձայնեցումն էր ԻՔՏԿ ղեկավարության հետ, ինչն էլ տեղի ունեցավ վերջինի առաջնորդ Մասուդ Բարզանիի և կառույցի ղեկավար կազմի հետ կենտրոնական իշխանությունների պատվիրակության հանդիպման ընթացքում:
Մոսուլի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման մասին միջազգային ռազմական կոալիցիայի ղեկավարությունը հայտարարել էր դեռևս ընթացիկ տարվա փետրվարին. նախատեսվում է, որ գործողությունները կմեկնարկեն ապրիլի երկրորդ կեսին, դրանց համար նախադեպային պետք է հանդիսանար Թիքրիթի ազատագրման օպերացիան, որը վերջնական ավարտին հասավ շատ ավելի երկար ժամկետներում, քան նախապես հայտարարվել էր: Այդ իսկ պատճառով Մոսուլի վերջնական ազատագրման համար կոնկրետ ժամկետներ դեռևս չեն նշվում:
Թեպետ, կարելի է կանխատեսել, որ Մոսուլի վերջնական ազատագրումը ևս բավականին տևական ժամանակ կպահանջի՝ հատկապես հաշվի առնելով այն իրողությունը, որ Թիքրիթից հետո անհրաժեշտ հետևություններ արած կլինեն նաև իսլամականները և կփորձեն հնարավորինս գրագետ և հաշվարկված դիմադրություն ցույց տալ հակառակորդին: Մյուս կողմից, կարճաժամկետ հեռանկարում վերոնշյալ ռազմագործողության վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ նաև մի շարք արտաքին գործոններ՝ մասնավորպես եմենյան ճգնաժամը, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարում ներգրավված մի շարք տարածաշրջանային խաղացողներ առավել վճռորոշ դերակատարություն են ստանձնել շիայադավան հութիների դեմ պայքարում Եմենի գործող իշխանություններին աջակցելու հարցում:
Իսկ, ընդհանուր առմամբ, ԻՊ-ի դեմ պայքարի վերջնարդյունքների հետ կապված կարելի է որոշակի կանխատեսումներ կատարել երկարաժամկետ հեռանկարում: Նախ առավել հնարավոր է, որ Իրաքում կրած պարտություններից հետո ԻՊ-ը հիմնականում դարձյալ նահանջի Սիրիայի տարածք: Այստեղ կոալիցիոն ուժերի գործողություններն առավել պասիվ կլինեն, քանի որ, ի տարբերություն Իրաքի, Սիրիայում ցամաքային մարտավարության համար միջազգային կոալիցիան լուրջ դաշնակիցներ չունի:Այդ իսկ պաճառով, մեծ է հավանականությունը, որ Սիրիայի տարածքը կվերածվի լրջագույն մարտադաշտի մի կողմից ԻՊ-ի և հակակառավարական այլ խմբավորումների, գուցե նաև քրդերի, մյուս կողմից՝ իսլամականների և սիրիական կառավարական ուժերի միջև:
Մինչդեռ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային ընթացիկ զարգացումներում անկյունաքարային փոփոխությունների հիմք կարող է հանդիսանալ Իրանի միջուկային ծրագրի հնարավոր հանգուցալուծման հեռանկարն, ինչը, հնարավոր է, կնպաստի նաև այլ խնդրահարույց հարթակներում (ասենք՝ սիրիական գործող վարչակարգի և Արևմուտքի միջև երկխոսության մեկնարկին, ներեմենյան բանակցությունների հավանականությանը և այլն) քաղաքական գործընթացների ակտիվացմանը:
Թերևս միայն այս պարագայում հնարավոր կլինի առավել իրատեսական և առարկայական գործողությունների իրականացման՝ ԻՊ-ի դեմ պայքարում վերջնական հաջողոթյուններ արձանագրելու գործում:
Արմեն Պետրոսյան