Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:

Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկումներից հետո, ԱՄՀ ներկայիս առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, մեր տնտեսության վրա արտաքին հատվածի բացասական հետևանքների գնահատման, դրանց հաղթահարման և կայուն տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են հիմնադրամի առաքելության շրջանակներում և ՀՀ կառավարության ու կենտրոնական բանկի հետ աշխատանքի ընթացքում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին և մեր երկրի հետագա առաջընթացի հետ կապված ԱՄՀ գնահատականներին ու խորհուրդներին: