Ապրիլի 7-ին Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց «ՏԱՍՍ» լրատվական գործակալություն, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ։ Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության, միջազգային օրակարգի հրատապ խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։
Նույն օրն Էդվարդ Նալբանդյանը Գորչակովի անվան հիմնադրամում հանդիպում ունեցավ ռուսաստանյան հեղինակավոր քաղաքագետների և վերլուծաբանների հետ։
Արտգործնախարար Նալբանդյանը պատասխանեց հայ-ռուսական համագործակցության, հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների, եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքականության մասին մի շարք հարցերի։
Մոսկվայում ՀՀ դեսպանատանը նախարար Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ չորս տասնյակ երկրների դեսպանների հետ, պատասխանեց նրանց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերին։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովին, ում հետ քննարկեց այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների միջազգային ֆորումի նախապատրաստական աշխատանքները։