«Կոմերսանտի» փոխանցմամբ, երեկ դատարանը երկարեցրել է Գյումրիում զանգվածային սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը:

5-րդ կայազորային ռազմական դատարանում տեղի է ունեցել նիստ: Արտագնա նիստը տեղի է ունեցել ՌԴ 102-րդ ռազմաբազայում: Դատական լսումների ժամանակ պարզվել է, որ ՌԴ հետաքննչական կոմիտեն խստացրել  է նրան ավելի վաղ ներկայացված մեղադրանքները: Դրա երկու կետերով Պերմյակովին սպառնում է ցմահ բանտարկություն:

«Կոմերսանտի» տվյալներով՝ արտագնա նիստ անցկացնել ցանկացել են հետաքննությունը վարողները՝ վախենալով, որ զինծառայողին Երևան տեղափոխելիս նրա զոհերի հարազատները կարող էին փորձել վրեժ լուծել նրանից: Դատավարությունը ձգվել է ժամեր, որի արդյունքում դատարանը, բավարարելով հետաքննության միջնորդությունը, երկարացրել է Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը:

Խստացվել  է Պերմյակովին առաջադրված մեղադրանքը: Սկզբում ռազմական հետաքննությունը նրան մեղադրել է Ռուսաստանի ՔՕ 2-րդ մասի 105-րդ հոդվածի «ա» կետով և 2-րդ մասի 338-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար (2 և ավելի անձանց սպանություն, ինչպես նաև` դասալքություն իրեն վստահված զենքով): Հիմա 105-րդ հոդվածին հետաքննությունն ավելացրել է հանցագործին հայտնի անօգնական վիճակում գտնվող անչափահասի կամ այլ անձի սպանություն:

Պերմայկովին նաև զենքի անօրինական շրջանառության և դրա գողության մեղադրանք է առաջադրվել (Ռուսաստանի ՔՕ մաս 1, հոդված 222 և մաս 3, հոդված 226): Ընդ որում, 105-րդ հոդվածը ենթադրում է ցմահ ազատազրկում: Բացի այդ` մեղադրանքի նոր տարբերակի կառուցվածքում հայտնվել է ՌԴ ՔՕ 33-րդ հոդվածը, որի համաձայն` զինծառայողը հանդիսացել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների, այդ թվում` մանկահասակ երեխաների սպանության անմիջական կատարողը: Թերթը նշում է, որ հավանական է, մեղադրանքի վերաորակումը հնարավոր է դարձել դատակենսաբանական փորձաքննությունից հետո: