Կեղծավորություն անել չի ուզում, բայց ազգային մշակույթի կարևորության մասին պատրաստ է սիրով խոսել: Երգիչ Արսեն Սաֆարյանը ազգային երաժշտության մասին տեղեկատվության պակասը «փնտրում»է ընտանիքում, մանկապարտեզում և դպրոցում: Ազգային երաժշտության աղավաղումների, տեղեկատվության պակասին երգիչն իր տեսակետները հայտնում է YerevanNews.am-ին:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.
- Ի՞նչ գիտի հայ երիտասարդն ազգային մշակույթի մասին։
- Երբեմն ասում ենք, որ երիտասարդները տեղեկացված չեն ազգային արվեստից ու ժառանգությունից, բայց մեկ էլ այնպիսի երեխաների ես հանդիպում, որ բերանդ բաց է մնում։ Չեմ ուզում միանշանակ ասել, որ հայ երիտասարդը չգիտի ինչ է ազգայինը, քանի որ կան երիտասարդական հզոր խմբեր, ովքեր փայլուն կատարում են ազգային երգերը և հրաշալի պարում են ազգային պարերը։ Մարդիկ էլ կան, որ բացարձակ չգիտեն՝ ով է Կոմիտասը, ինչ ազգային արժեքներ ու ժառանգություն ունենք մենք։
- Որտե՞ղ պետք է փնտրել այդ մարդկանց չիմացության պատճառները։
- Պատճառները շատ են։ Պատճառները կարելի է փնտրել մարդու ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում։ Քարոզելու հարցում էլ ենք թերանում: Որոշակի աշխատանքներ արվում են, բայց դա շատ քիչ է։ Մարդու ներաշխարհը սկսում է կառուցվել ընտանիքի ու ազգային արժեքների հողի վրա։ Առանց ազգային հիշողության և ազգային մշակույթի, չես կարող ներկա կամ ապագա արվեստ ունենալ։
- Ասում եք, որ մարդու ներաշխարհը սկսում է կառուցվել ընտանիքից։ Ինչպե՞ս եք Ձեր երեխաներին սովորոցնում սիրել ազգայինը։
- Ես հիմա կեղծավորություն կանեմ, եթե ասեմ, որ գիտեք իմ երեխաներն այնքան ծանոթ են ազգային արվեստին։ Մենք էլ ենք բոլորի նման։ Իմ երեխաներն էլ են համակարգիչների, ինտերնետի, մուլտֆիլմների վատ հերոսների ազդեցության տակ։ Շատ դժվար է երեխայիդ համոզելը, որ ցանցերում տեղադրված անհասկանալի հոլովակների շարքը, քեզ ապագա չեն խոստանում։ Հեշտ չէ երեխային գուսանական երգ լսել տալը, երբ ամեն տեղ նա սովոր է լսել ռոք ու բլյուզ։
- Կարո՞ղ ենք ասել, որ ազգային երաժշտությունը ոչնչացման եզրին է։
- Աստված մի արասցե։ Իհարկե ոչ։ Կան ազգային արվեստի նվիրյալներ, ովքեր իրենց շուրջ են համախմբում ազգասեր մարդկանց։ Այդ ամենը նրանք չեն անում հանուն գումար վաստակելու, այլ անում են հանուն ազգի։ Կա նաև հակառակ ծայրահեղությունը, երբ արվեստագետն ազգային արժեք ունեցող ստեղծագործությունը աղավաղում է՝ հանուն անձնական շահի։
- Ո՞րն է իրավիճակը փրկելու Ձեր առաջարկած «դեղատոմսը»։
- «Դեղատոմսը» մեկն է՝ պետք է գործել և չկենտրոնանալ միայն խոսելու վրա։ Մենք շարունակ ասում ենք, որ ազգային երաժշտությունը կործանման եզրին է, բայց սայլը տեղից չենք շարժում։
Պատրաստեց՝ Անահիտ Կասամանյանը