Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրված բոլոր քաղաքական ուժերը` 6 կուսակցություններն ու մեկ դաշինքը, սահմանված ժամկետում ներկայացրել են հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտեր: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Ներկայացրած հայտերի հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը քաղաքական ուժերի միջև կբաշխվի ԿԸՀ-ի որոշմամբ` նույն սկզբունքով, ինչ 2012թ.-ի խորհրդարանական և 2013թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

Այն վահանակները և վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացված է միայն մեկ հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը կվերապահվի միակ հայտը ներկայացրած քաղաքական ուժին: Մնացած վահանակները, այդ թվում` վահանակի կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել են մեկից ավելի հայտեր, կառանձնացվեն որպես մրցակցային վահանակներ: ԿԸՀ-ն դրանք հայտատուների միջև կբաշխի, ապահովելով հավասար բավարարման սկզբունքը: Յուրաքանչյուր քաղաքական ուժին հասանելիք վահանակների կողմերի քանակի հաշվառմամբ կիրականացվի էլեկտրոնային վիճակահանություն: Միևնույն վահանակի երկու կողմերը բաժին կընկնեն տարբեր քաղաքական ուժերի:

Ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ի որոշման հիման վրա կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում են պայմանագիր` քարոզչական պաստառը փակցնելու համար: ԿԸՀ-ի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, քաղաքական ուժի կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում, գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր:

Վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, մայրաքաղաքում քարոզչական պաստառներ տեղադրելու համար վահանակներ են առաջարկված 14 ընկերությունների կողմից:

Հիմնականում բոլոր ընկերությունները 1 քառակուսի մետրի ամսական վարձավճարը սահմանել են 6 հազար դրամ: Բացառություն են «Հարությունյան-Մեդիա» ՍՊԸ-ը և «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ը, որոնց կողմից առաջարկվող վահանակների 1ք.մ մակերեսի վարձավճարը համապատասխանաբար 10 հազար դրամ և 11 հազար դրամ է:

Առաջարկվող վահանակների մակերեսը հիմնականում 18 քմ է, սակայն կան նաև 11 քմ, 12 քմ, 15 քմ, 16,24 քմ, 17,5 քմ, 27 քմ, 48 քմ, 54 քմ և 90 քմ մակերեսով վահանակներ: