Վատիկանը` ի դեմս Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կարևոր քայլ կատարեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ, թուրքական ռեակցիան պապի հայտարարությանը և թուրքական դեսպանին խորհրդակցությունների անվան տակ Թուրքիա կանչելը արդեն իսկ վկայում են պապի հայտարարության առաջացրած ռեզոնանսի մասին: Կարող ենք ասել, որ պապի հայտարարությունը մեծ հարված էր թուրքական ժխտողականությանը:
Սակայն իրավիճակը այլ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի մոտ, քանի որ նա Օսմանյան կայսրությունում հայերի հետապնդումները համարում է գազանաբարո հանցանք, և չի շտապում օգտագործել «ցեղասպանություն» բառեզրը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ներկայացրել է գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Գլխավոր քարտուղարն ամուր համոզված է, որ 1915 թվականի աղետալի իրադարձությունների հիշատակումը, ինչպես նաև տեղի ունեցածի շուրջ փաստերի հաստատման նպատակով համագործակցության շարունակումը պետք է ամրապնդեն մեր ընդհանուր ձգտումը՝ կանխելու համար ապագայում նման գազանաբարո հանցանքների կրկնումը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի այս հայտարարությունից երևում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ոչ միայն չի դատապարտում Օսմանյան կայսրությունում ցեղասպանության հանցագործության իրագործումը հայերի նկատմամբ, այլև խոսում է «փաստերի հաստատման համագործակցության» մասին, այսինքն` դրանով իսկ նպաստում է թուրքական ժխտողականության քաղաքականությանը:
Այսպիսով` ի՞նչ սպասել մի կառույցից, որի Անվտանգության խորհրդի բանաձևերը շատ հաճախ չեն էլ իրականացվում և ուղղակի վերածվում են դեկլարատիվ բնույթի հայտարարությունների: Այսօր դրված է ՄԱԿ-ի միջազգային հեղինակիության հարցը, թե արդյոք վճռականություն կունենա ՄԱԿ-ը իրերը իրենց անուններով կոչելու և Հայոց ցեղասպանությունը` որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն դատապարտելու համար:
Հասկանալի է, որ ՄԱԿ-ին անհանգստացնում է Թուրքիայի հետ հարաբերությունների խաթարման վտանգը, սակայն դա չի նշանակում, որ պետք է խուսափել պատմական արդարության մասին բարձրաձայնելուց, չէ՞ որ խոսքը գնում է մարդկության դեմ ուղղված խոշորագույն հանցագործությունների մասին, որով պայմանավորված է նաև մարդկության ապագան:
Հուսանք, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կգիտակցի այս խնդրի կարևորությունը և ինքն էլ կհետևի Հռոմի պապի օրինակին:
Նարեկ Պողոսյան-Facebook