ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն այցելելու է Թուրքիա՝ մասնակցելու Չանաքքալեի ճակատամարտի 100–ամյակին նվիրված տոնակատարությանը։ Հիմա ինտրիգային է մնում ապրիլի 24-ին Պուտինի՝ Երևան այցելու հարցը:
Պուտինը հայտնվել է բավականին բարդ իրավիաճակում: Եթե նա գա Երևան, Նարիշկինի թուրքական այցը կստվերվի, և թուրքերը դրանից ակնահայտորեն կվիրավորվեն, մանավանդ՝ ցավոտ այս հարցում: Եթե Պուտինը Հայաստան չգա, էապես կվտանգվեն հայ-ռուսական հարաբերությունները, մանավանդ դրանք արդեն խիստ լարված են՝ Գյումրվա ոճրագործությունից ու Ռուսաստանի իշխանության ցինիկ պահվածքից հետո:
Եթե Հայաստան ժամանի Նարիշկինի կարգի մեկը կամ Պուտինը վերջին պահին «հիվանդանա», դա կընկալվի որպես հայերին ու թուրքերին նույն նժարի վրա դնելու Կրեմլի քաղաքականություն կամ հնարք, որով փորձ է արվում մոլորեցնել մեր հասարակությանը: Ընթացիկ քաղաքականության տեսանակյունից՝ Թուրքիան Ռուսաստանի համար ավելի կարևոր է, քան՝ ամեն ինչում հպատակվող Հայաստանը, սակայն Անկարան չի կարող սպասարկել Կրեմլի կայսերական ամբիցիաները՝ ի տարբերություն Հայաստանի, որը դարձել է այդ քաղաքականության ռեալիզացիայի օբյեկտներից մեկը:
Սուրեն Սուրենյանց