Ապրիլի 14-ին Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ բանաձև է ընդունել:

Բանաձևը ցավակցություն է հայտնում հայ ժողովրդին և դատապարտում է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում մեկ ու կես միլիոն հայեր են սպանվել:

Բանաձևը կոչ է անում Չիլիի կառավարությանը միանալ ՄԱԿ-ի 1985թ.-ի փոքրամասնությունների նկատմամբ խտրականության կանխարգելման և պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ընդունած որոշմանը, որն ամրագրում է տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը որպես ցեղասպանություն ու պահանջում է միջազգային հանրությունից և թուրքական կառավարությունից բարոյական փոխհատուցում:

2007թ. հունիսի 5-ին Չիլիի խորհրդարանի վերին պալատը` Սենատը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել:

Չիլիի պատգամավորների պալատի սույն որոշումը ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։