Շուտով տեղի է ունենալու դպրոցականների բասկետբոլի աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն նաև հայ դպրոցականները: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանի հետ:
- Պարոն Այվազյան, Դուք ղեկավարելու եք դպրոցականների բասկետբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող ՀՀ պատվիրակությունը. ե՞րբ և որտե՞ղ է այն տեղի ունենալու:
- 2015 թվականի աշխարհի բասկետբոլի առաջնությունը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 17-ից 26-ը Ֆրանսիայի հանրապետության Լեմոնժ, որին մասնակցում են ՀՀ դպրոցական տղաների և աղջիկների թիմերը:
- Ինչպե՞ս են ընտրվել մասնակից թիմերը:
- Ի կատարումն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի հրամանի, 2014 թվականին անցկացվել են դպրոցականների հանրապետական 23-րդ մարզական խաղերը, որի ծրագրով նախատեսված է նաև բասկետոբոլ մարզաձևից դպրոցականների հանրապետական ամենամյա առաջնություն: Այս առաջնության հաղթող ճանաչվեցին 105 ավագ դպրոցի տղաների և 190 ավագ դպրոցի աղջիկների թիմերը` իրավունք նվաճելով մասնակցելու վերոհիշյալ դպրոցականների աշխարհի առաջնությանը:
- Քանի՞ երկիր է մասնակցում աշխարհի առաջնությանը:
- Այս առաջնությանը մասնակցում է 32 երկիր` տղաների 32 և աղջիկների 27 թիմեր: Ընդհանուր մասնակիցների թիվը կազմում է մոտ 650 դպրոցական ամբողջ աշխարհից:
- Իսկ տեղեկացվա՞ծ եք, թե որ թիմերն են մեր մրցակիցները և որ խմբում են մեր մարզիկները:
- Այո, վիճակահանության արդյունքում տղաների թիմը ընդգրկվեց Դ խմբում և նախնական փուլում մրցելու է Հունգարիայի, Չեխիայի և Լատվիայի բասկետբոլիստների հետ, իսկ աղջիկները ընդգրկվեցին Ֆ խմբում և նախնական փուլում իրենց ուժերը կչափեն Իսլանդիայի, Լեհաստանի և Թուրքիայի բասկետբոլիստուհիների հետ:
- Ո՞վ է հոգում մասնակցության ծախսերը:
- Մասնակցության, ինչպես նաև նախապատրաստական փուլում անհրաժեշտ ֆինանսական ծախսերը ամբողջությամբ հոգում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` նախարարի համապատասխան հրամանի համաձայն, իսկ անմիջական կազմակերպումը իրականացնում է դպրոցականների մարզական ֆեդերացիան: