Վատիկանում Հռոմի պապի հայտարարությունը պատմական իրադարձություն էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում, սակայն հետաքրքիրն այն է, որ Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը մեծ ռեզոնանս առաջացրեց հենց Թուրքիայում, որը հասավ ընդհուպ նրան, որ Վատիկանից Թուրքիան խորհրդակցությունների պատրվակով հետ կանչեց դեսպանին, իսկ պապի հայտարարությանը արձագանքեց Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը:
Անդրադառնալով պապի հայտարարւթյանը` Էրդողանը, մասնավորապես, նշել է. «Ես շատ վշտացած եմ պապի խոսքերից: Երբ նա Անկարա էր եկել, ես, ի դեմս նրա, բոլորովին այլ քաղաքական գործչի էի տեսնում: Տեսեք` չեմ ասում կրոնական գործիչ, ասում եմ` քաղաքական գործիչ: Ինչևէ, մենք թույլ չենք տա, որ պատմական իրադարձություններն աղավաղվեն և վերածվեն մեր դեմ ուղղված քարոզարշավի: Ճիշտ է, հայերի կրած նեղությունների մասին գիտենք և ցավում ենք: Բայց օսմանցիների զավակներն էլ են սպանվել, նահատակվել»:
Ապա Էրդողանը հնչեցրել է արխիվները բացելու և հարցը պատմաբանների քննարկամանը թողնելու պաշտոնական Անկարայի կոչերը` շեշտելով. «Մենք բացում ենք մեր արխիվները: Հայաստանն էլ թող այդպես անի, բայց չի անում: Ես դատապարտում եմ Պապի այդ հայտարարությունը»:
Էրդողանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Թուրքիան ոչ միայն անհանգստացած է Ֆրանցիսկոս 1-ինի հայտարարությունից, այլև խորը մտահոգություն ունի, որ Էրդողանի խոսքերով ասած` «Թուրքիայի դեմ քարոզարշավ է սկսվելու», այսինքն` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման նոր արշավ է սկսվելու:
Սակայն սա դեռ ամենը չէ. սպասվում է, որ Բրյուսելում Եվրոպայի խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի և կընդունվի բանաձև 100-րդ տարելիցի վերաբերյալ: Թուրքական ամենազդեցիկ պարբերականի` Today Zaman-ի բնորոշմամբ նման բանաձևի ընդունումը Թուրքիան կընկալի որպես իր դեմքին հասցվող «երկրորդ ապտակ»:
Էրդողանը անդրադարձել է նաև Եվրախորհրդարանի կողմից բանաձևի հնարավոր ընդունմանը` նշելով. «Անկախ այն բանից՝ ինչ որոշում կընդունվի (Եվրախորհրդարանի կողմից), մենք դա բանի տեղ չենք դնի: Որովհետեւ անհնար է, որ Թուրքիան ընդունի, որ նման հանցանք է գործել: Յուրաքանչյուր ոք պետք է իմանա այդ: Մեզ վրա ցեղասպանության հետք, բիծ անգամ չկա»,- ապա հավելել,-«100 հազար հայ է ապրում Թուրքիայում: Մենք կարող ենք արտաքսել նրանց, բայց չենք անում»:
Էրդողանը իր այս հայտարարությամբ փորձել է ցույց տալ, թե իբր Թուրքիան կարող է անտեսել Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը, սական հարց է առաջանում, որ եթե անտեսելու էր, ապա ինչո՞ւ է Թուրքիան երկրի նախագահի մակարդակով անդրադառնում Եվրախորհրդարանի ընդունելիք բանաձևին: Ուղղակի տրամաբանություն չկա, իրականում Թուրքիան ազդվում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած որոշումից և մտավախություն ունի, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից կարող է դոմինոյի էֆեկտ ստանալ:
Մյուս կողմից, խոսելով Թուրքիայի հայերին արտաքսելու հնարավորության մասին, Էրդողանը ակնարկում է, թե եթե Թուրքիան ցեղասպանություն գործած պետություն լիներ, ապա կաքսորեր հայերին, սակայն դա չի անում: Եթե խնդրին այլ կողմից անդրադառնանք, ապա կտեսնենք, որ Էրդողանը անուղղակիորեն խոստովանում է Թուրքիայի հանցագործ պետություն լինելու հանգամանքը, այլ խոսքերով ասած` երկրի ղեկավարի մակարդակով խոսել հայերին արտաքսելու մասին, նշանակում է խոսել երկրում բնակվող էթնիկ փոքրամասնություններից մեկին բռնի տեղահանելու վերաբերյալ, ինչը ցեղասպանական գործողություն է:
ՀԳ. Թուրքիան ոչ միայն չի փորձում ընդունել պատմական իրողությունը, այլև շարունակում է առաջ մղել իր հանցագործ դիրքորոշումը, իսկ հանցագործի հետ այլ կերպ չես կարող խոսել, քան պատժի լեզվով:
Նարեկ Պողոսյան - ֆեյսբուք