Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ հայկական խաչքարի օծման արարողություն: Խաչքարը հանդիսանում է ՀՀ կառավարության նվերը ՄԱԿ-ին:
Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդներ Խաժակ Արքեպիսկոպոս Բարսամյանն ու Օշական Արքեպիսկոպոս Չոլոյանը, ՄԱԿ-ի անդամ պետությունների, քարտուղարության, տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, լրագրողներ։
Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին միջնադարյան պատմության այդ հոյակապ խորհրդանիշի` խաչքարի oծմանը մասնակցելու համար և նշեց, որ 12-ից 13-րդ դարերում կերտված այդ խաչքարը խորհրդանշում է հայ ժողովրդին՝ միավորված ազգերի ընդհանուր տանիքի ներքո: Դեսպան Մնացականյանը նշեց, որ խաչքարերը, հանդիսանալով հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ինքնության անբաժան մաս, 2010թ. ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Դեսպանը հավելեց, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի այդ որոշումից ընդամենը մի քանի տարի առաջ Նախիջևանում բարբարոսաբար ավիրվեցին Հին Ջուղայի գերեզմանատան նշանավոր խաչքարերը։ Ըստ դեսպանի` հայոց պատմության ընթացքում եղել են ոչնչացման ու ավերածությունների փուլեր, այն ականատես է եղել սարսափելի եղեռնագործության, սակայն հայ ժողովուրդը մնացել է կանգուն, ցուցաբերել տոկունություն, սեր ու հավատ կյանքի նկատմամբ։
Ելույթ ունեցավ նաև «Metropolitan» արվեստների թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի բաժնի բյուզանդական արվեստի համակարգող Հ․Էվանսը, ով անդրադարձավ խաչքարի նշանակությանը և ներկայացրեց Գեղարդի վանքից բերված այդ խաչքարի պատմությունը։