Երբ անձնական հակակրանքը որևէ մեկի հանդեպ ստիպում է մարդուն դիմել ուրիշների կյանքին վտանգ հասցնող քայլերի, վերջնակետը միշտ ամբաստանյալի աթոռն է լինում:

Այս բախտին է արժանացել 1983 թվականին ծնված Վարդան Դեմիրճյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ոչնչացրել ու վնասել է առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաև ապօրինի ձեռք բերել և կրել ռազմամթերք: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կայացավ սույն քրեական գործի հերթական դատական նիստը: Վարդան Դեմիրճյանին մեղադրանք է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 34-104 մաս 2-ի կետ 1-ով, հոդված 34-104 մաս 2-ի կետ 8-ով, հոդված 185 մաս 3-ի կետ 1-ով և հոդված 235 մաս 1-ով:
Գործի նախաքննությունից պարզ է դարձել, որ մեղադրյալն ու իր ընկերուհին` Գոհար Պետրոսյանը մարտին միասին այցելել են Ալեն Էլեն հյուրանոցային համալիր: Հետագայում Վարդան Դեմիրճյանին համալիրի տնօրեն Վոլոդյա Բեջանյանն արգելել է մուտք գործել տարածք: Իսկ օրեր անց Դեմիրճյանին զանգահարել է Գ.Պետրոսյանը և ասել, որ իրեն նույնպես արգելել են մուտք գործել այնտեղ: Այս միջոցին Դեմիրճյանը խոստացել է ընկերուհուն, որ ինքը կլուծի այդ հարցը: Իսկ հարցի լուծման ձև նա ընտրում է հարձակում ողջ ռեստորանային համալիրի վրա: Նա իր տանը թաքցրած ռազմամթերքից(իսկ դրա առկայությունը հաստատվել է իր տանը կատարված հետախուզման արդյունքում) վերցրել է F1 տեսակի նռանակը, գնացել է Ալեն Էլեն համալիր, զգուշացրել, որ պատրաստվում է այն ներս նետել և ասել է, որպեսզի ներսում գտնվող մարդկանց դուրս հանեն: Ըստ վկա Կարեն Դավթյանի ցուցմունքի, ով նաև հանդիսանում է այդ պահին մարմնական ծանր վնասվածք ստացած տուժող, Դեմիրճյանը, նախքան նռնակը նետելը, զբաղվել է ինքնավնասմամբ, փորձել է ինքնատիրապետել իրեն, որից հետո նետել է նռնակը: Իր ճառում դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ ամբաստանյալը հոգեկան շեղումներ չունի:

Ըստ մեղադրողի, Դեմիրճյանը տարաձայնություններ է ունեցել հաստատության տնօրեն Վոլոդյա Բեջանյանի հետ, և ամբողջ խնդիրը եղել է միայն վերջինից վրեժ լուծելու ցանկությունը: Նա նաև ավելացրեց, որ ամբաստանյալի այդ արարքից մարմնական լուրջ վնասներ են ստացել Իրանի Իսլամական Հանրպետության վեց քաղաքացի, և համալիրի աշխատողներ: Նրա խոսքերով երջանիկ պատահականություն է եղել այն, որ մարդկային զոհեր չեն եղել: Դիտավորությամբ հանցանք գործելու հանգամանքից ելնելով, միջնորդեց դատարանին ազատազրկել ամբաստանյալին 12 տարով: Իսկ պաշտպան Մարինե Թովմասյանը առարկեց դատախազի այն հայտարարության, թե մեղադրյալը հանցանքը գործել է դիտավորությամբ: Նա խնդրեց դատարանին ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ վկա Կարեն Դավթյանը իր ցուցմունքում հայտնել է, որ ամբաստանյալը նախքան նռնակը նետելը փորձել է ինքնատիրապետել իրեն, իսկ վերջինս իր ցուցմունքում տեղեկացրել է, որ չի պատկերացրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր այդ արարքը: Փաստաբանը նշեց, որ սա խոսում է ամբաստանյալի` հոգեկան խնդիրներ ունենալու մասին: Նա նաև ավելացրեց, որ նման խնդիրներ ունեն նաև Դեմիրճյանի մայրն ու եղբայրը` հայտնելով, որ դա դժվար մանկություն ունենալու հետևանքն է: Վերջում փաստաբանը միջնորդեց դատարարնին դատավճիռը կայացնել մեղմացուցիչ հանգամանքներով: «Մե'ղմ վերաբերվեք, խնդրում եմ»,-իր խոսքը եզրափակեց Վարդան Դեմիրճյանը:

Տաթև Հարությունյան