9-րդ հարկի բնակարանից ցած նետված քաղաքացու մահվան դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի ապրիլի 13-ին ահազանգ էր ստացվել` ըստ որի Տ.Պետրոսյան 18 շենքի բնակիչ, 64-ամյա Ա. Խանզադյանը 9-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում նյութեր են նախապատրաստվել՝ պարզելու քաղաքացու մահվան հանգամանքները։ Ա.Խանզադյանի դիակի զննությամբ՝ վերջինիս պարանոցի շրջանի զույգ կեսերին հայտնաբերվել են արյունազեղումներ՝ հավասարաչափ ձեւով արտահայտված։
ՀՀ առողջապահության նախարարության ԴԲԳԳԿ-ից ստացված գրության համաձայն՝ քաղաքացու մահվան պատճառ են հանդիսացել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի, ողնաշարի, վերին եւ ստորին զույգ վերջույթների համակցված, բաց եւ փակ բութ վնասվածքները, պարանոցի շրջանի փակ բութ վնասվածք՝ ենթալեզվի ոսկրի եւ վահանաճառի ոտիկի կոտրվածք։
Նախապատրաստված նյութերով քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ քաղաքացու մահվան հանգամանքնեպի բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։