Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ դեսպան Ուռիոլաբեիտիան Հայաստան է ժամանել մեր ժողովրդի համար շատ կարևոր մի պահի, երբ ողջ հայ ժողովուրդը պատրաստվում է միջազգային հանրության հետ միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ոճրագործության միջազգային ճանաչման գործում անուրանալի է Արգենտինայի ավանդը: Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Արգենտինայի ժողովրդին և իշխանություններին՝ անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին ապաստան տալու, այնուհետ նաև հիասքանչ Արգենտինայում ապրելու, արարելու, ազգային ինքնությունը պահպանելու և երկրի զարգացման գործին իրենց մասնակցությունն ունենալու հնարավորություն ընձեռելու համար:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան իր համար մեծ պատիվ է համարել հարուստ մշակութային ժառանգություն և հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանում ներկայացնել Արգենտինան և վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկկողմ քաղաքական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, նպաստելու տարբեր ոլորտներում հայ-արգենտինյան փոխգործակցության խորացմանը: