Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում այսօր մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և շնորհակալություն հայտնել ֆորումին մասնակցության համար, ինչը, Հանրապետության Նախագահի խոսքով, հայ ժողովրդի նկատմամբ բարեկամ սիրիացի ժողովրդի անկեղծ հարգանքի ևս մի վկայություն է: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Սիրիայի ժողովրդական ժողովին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի համար։

Նախագահը բարձր է գնահատել ս.թ. մարտին Սիրիայի ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստի անցկացումը և պարոն Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիի ազդեցիկ ելույթը:

Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծել, որ Սիրիայում հատուկ վերաբերմունք ունեն բարեկամ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նա նշել է, որ իր գլխավորած պատվիրակության մասնակցությունը երևանյան ֆորումին վկայում է, որ Սիրիան ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահը լավ առիթ է համարել միջազգային հանրության ջանքերի համախմբման և հետագայում նմանօրինակ հանցագործությունները կանխելու համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-սիրիական դինամիկ զարգացող հարաբերություններին, որում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի սիրիահայ համայնքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավով է նշել Սիրիայում արդեն չորս տարուց ավելի ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին և հույս հայտնել, որ բարեկամ Սիրիան այս փորձությունից դուրս կգա ավելի ամրապնդված, երկրում շուտով կհաստատվի խաղաղություն ու կայունություն:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև հայ-սիրիական բարեկամության առանցքում գտնվող միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: