Ապրիլի 21-ին Երևանում հայտնաբերվել է Սևանում 44-ամյա Կ. Մնեյանի սպանությունը կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա. Ալեքսանյանը:

Ա. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով:

44-ամյա Կ. Մնեյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ սպանության օրը՝ 2015 թվականի ապրիլի 5-ին Կ. Մնեյանը մասնակցել է Սևան քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը: Միջոցառման ավարտից հետո Կ. Մնեյանն այլ անձանց հետ տուն գնալու նպատակով նստել է Հ. Թադևոսյանի ավտոմեքենան, որը վարել է Ա. Ալեքսանյանը: Ավտոմեքենայի մեջ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Ա. Ալեքսանյանը մեքենայի ուղղությունը փոխել է՝ շրջադարձ է կատարել և գնացել ռեստորանային համալիրին կից ցեմենտի առաքման կետի տարածք: Հասնելուն պես Կ. Մնեյանին իջեցրել են մեքենայից և սկսել ծեծել: Ստացած մարմնական վնասվածքներից Կ. Մնեյանը տեղում մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել Ա.Ալեքսանյանին և Հ. Թադևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հ. Թադևոսյանին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են։