Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը NEWS.am Sport-ի թղթակիցի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականին:

- Պարոն Անդրեասյան, ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի վերջին պարտության և Վարդան Մինասյանի հրաժարականի ցանկության մասին:

- Ֆուտբոլում ամենակարևորը արդյունք է: Դա պետք է բոլորը հասկանան: Շատերն ասում են՝ մեր թիմը լավ է խաղում: Մեկ խաղ հաղթում ենք, մյուսը պարտվում: Բայց կարևորը արդյունքն է: Երբ ծրագիր են անում թիմի համար՝ ո՞վ է պատասխանատու: Մարզիչը: Խաղացել ենք արդեն չորս խաղ: Եթե չորս խաղում արդյունք չկա, շատ նորմալ է, որ Վարդան Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացնում: Տանը 0։3 հաշվով պարտվելուց հետո նրա հրաժարականի որոշումը ճիշտ էր: Մարզիչի հիմնական սխալն այն էր, որ պետք է ուժեղացներ պաշտպանությունը: Ես խաղից առաջ էլ էի դա ասում: Չգիտեմ, ինչպես են նրանք դա պատկերացնում, բայց մարզիչը պետք է դա իմանա: Թույլ է պաշտպանությունը, երկու պաշտպանի տեղը թող երեքին խաղացնեին: Եթե մարզիչները բոլորն աշխատեն առանց արդյունքի, ի՞նչ կլինի: Պետք է արդյունք ցույց տալ:

- Ֆուտբոլի ֆեդերացիան չի ընդունել Մինասյանի հրաժարականը: Ի՞նչ եք կարծում, ինչ որոշում կկայացվի վաղը:

- Չգիտեմ՝ ինչ կլինի: Մեղավոր փնտրելու հարցը չի: Մեր թիմը պետք է լավ հանդես գա: Մենք ունեինք Արգենտինայից ֆիզպատրաստության մարզիչ: Նա հեռացավ, թիմը սկսեց ավելի վատ հանդես գալ:

- Իսկ եթե մարզիչը այնուամենայնիվ փոխվի, ավելի լավ կլինի գա տեղացի՞ մասնագետ, թե՞ դրսից:

- Եթե հավաքականին համապատասխան տեղացի մարզիչ լինի՝ լավ կլինի, եթե ոչ՝ պետք է հրավիրել արտերկրից: