Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետը կառավարության անդամներին է ներկայացրել քաղաքացիների հարցման հիման վրա կառավարության գործունեությանը տրված գնահատականները։ Դրանց համաձայն շոշափելի արդյունք է տվել բջջային կապի և ինտերնետի, երրորդ անձանց ռիսկի ապահովագրության և կադաստրի ծառայության ոլորտների բարեփոխումը։ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքում արծարծվել են նաև կառավարության թափանցիկ աշխատաոճի, լրատվամիջոցների անկախության ապահովման հարցեր 

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն մինչև 2012 թ. դեկտեմբերի 30-ը երկարաձգվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում գրանցվելու պայմանագիր կնքած քաղաքացիների ստորագրության վարձավճարի սուբսիդավորման ժամկետը։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում դիմած ութ հազար քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության սպասարկման ծախսը սուբսիդավորելու նպատակով հատկացվել է ավելի քան 24 մլն դրամ` նախատեսված ծավալով ապահովելով գործարար համայնքի աջակցության տրամադրումը։ Դրանով իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, կառավարությունը խթանում է նշված գործընթացը:

Գործադիրը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում` ստեղծելով ՀՀ նոտարների գործունեության իրականացման բարենպաստ պայմաններ և «մեկ պատուհան» սկզբունքի արդյունավետ կիրառման հնարավորություն. նոտարներն ազատվել են տեղեկության տրամադրման համար «ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից գանձվող վճարից։
Դատաիրավական բարեփոխման վարկային ծրագրով ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության համար նախատեսված շուրջ 336 մլն դրամը բաշխել է հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայությունների ձեռքբերման ոլորտներում։
Կառավարության որոշմամբ «ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Ալավերդի քաղաքում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի մոտ 100 քառ. մետր տարածքը հետ է վերցվել և ամրացվել «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին. դրանով իսկ կապահովվեն ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության Թումանյանի բաժնի գործունեության բավարար աշխատանքային պայմաններ։