Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ուժեղագույն ակումբներում հանդես գալը երազանք է ու նպատակ։ Ինձ համար էլ է այդպես։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ամռանն այլ ակումբ տեղափոխվեմ։ Եթե դու լավ ես խաղում, և քո խաղին հետևում են, ապա տեղափոխությունն այլ ակումբ մեկ քայլ առաջ է։ Եթե չստացվի, կանեմ դա հաջորդ տարի»։
Հայազգի ֆուտբոլիստն այսօր ուկրաինական ակումբի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել՝ մեկնաբանելով իր վերոնշյալ հայտարարությունը. «Ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ և շատ ուրախ եմ։ Ես այս ակումբի հետ մինչև 2015 թվականը գործող պայմանագիր ունեմ։ Դա սովորական հանդիպում էր՝ շփում ուսանողների հետ։ Նրանք ինձ հարցեր էին տալիս՝ երբեմն կատակով, իսկ ես նրանց պատասխանում էի։ Ինձ սխալ են հասկացել և իմ խոսքերը սխալ են ներկայացվել»,-գրում է sportarmenia.com-ը։