«Հրապարակ» թերթը գրում է.

«Տարեսկզբին Էկոնոմիկայի ինստիտուտն օգտակար և թերևս ուշացած մի աշխատանք է սկսել՝ հաշվարկում է Ցեղասպանության արդյունքում հայերիս ունեցած կորուստները՝ նյութական, մարդկային ռեսուրսի, տնտեսական վնասը, և ողջ պատկերը ներկայացնելու է թվերով: Նախաձեռնությունը ԳԱԱ-ինն է, թեման ևս հաստատել էր Ակադեմիան, իսկ այն ղեկավարում է ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը: Գիտնականների թվում են տնտեսագետներ Յուրի Սուվարյանը, Թաթուլ Մանասերյանը, որը խմբի համակարգողն է, Վիլեն Խաչատրյանը, Անահիտ Աստոյանը՝ Մատենադարանից, որը հայերի ունեզրկումն Օսմանյան կայսրությունում նկարագրող «Դարի կողոպուտը» գրքի հեղինակն է:

Ներգրավված են նաև սփյուռքահայ գիտնականներ՝ հայտնի հայագետ Կարո Մոմջյանը, իրավաբան Վարդգես Եղյանը, ում «Եղյան և որդիներ» փաստաբանական ընկերությունը տարիներ շարունակ զբաղվում է փոխհատուցման հարցերով, հայ անվանի տնտեսագետ և ժողովրդագիր Վահագն Թովմասյանը: Այս փուլում խմբի անդամները չեն ցանկանում մանրամասն տեղեկություններ հայտնել ԶԼՄ-ներին:

«Հայաստանի արխիվի տվյալներն ենք հանել, սակայն ամբողջացված կորստի չափի մասին առայժմ վաղ է խոսել, արդյունքներն ամփոփելուց հետո անպայման լրատվամիջոցներին տեղյակ կպահենք»,- ասաց խմբի անդամ, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրան խնդրեցինք գոնե նախնական պատկերացում տալ ձեռնարկված գործի մասին: «Ցեղասպանության ֆինանսական կորուստների մասին չէ միայն խոսքը, նաև նյութական կորուստների, ժողովրդագրական, մշակութային և այլն: Օրինակ, ժողովրդագրական կորուստը ես մեխանիկական հաշվարկի ենթարկեցի: Ենթադրենք, եթե մեկուկես միլիոն մարդ ենք ֆիքսում 1915 թվականի դրությամբ, կիրառելով ժողովրդագրական կալկուլյատորները, ստանում ենք, թե 100 տարվա ընթացքում ինչքան կաճեր ազգաբնակչությունը, եթե աճի միտումը լիներ, ասենք, 0,02 կամ, ասենք, 0,12 տոկոս: Շատ հետաքրքիր թվեր էին ստացվում՝ 5 մլն և ավելին, ըստ ծնելիության գործակցի: 100 տարում թիվը հասնում էր մինչև 24 մլն-ի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: