Ապրիլի 27-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչուհի Յու. Ազարյանը եւ նրա հայրը՝ Մ.Ազարյանը։ 46-ամյա կնոջ մոտ ախտորոշվել է «երկու կրծքագեղձերի, ձախ նախաբազկի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերք» վնասվածք, իսկ 84-ամյա Մ.Ազարյանի մոտ՝ «ձախ կիսաազդրային շրջանի արյունահոսող կտրած-ծակած չթափանցող վերք» վնասվածք։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում զննվել է դեպքի վայրը։ Զննությամբ Շիրակի մարզի Ողջի գյուղի 7 փողոցի 10 տան բակից հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի նմուշներ։

Բացատրություններ են վերցվել հարեւաններից, նրանց թվում՝ այն անձից, ով ենթադրաբար տուժածներին պատճառել է նշված մարմնական վնասվածքները։ Վերջինս վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել դանակը եւ նկարագրել դեպքը։

Ըստ նախնական տվյալների՝ Ազարյաններին մարմնական վնասվածքներ են պատճառվել կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։

«Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքների համաձայն՝ տուժածներն ի վիճակի չեն բացատրություն տալու։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է։