Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում գրանցեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրված բոլոր 7 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները: Որոշումներն ընդունվեցին առանց քվեարկության` ԿԸՀ-ի անդամների կողմից առարկություններ չլինելու հիմքով:
Հաշվի առնելով, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ցուցակում նախապես ընդգրկված 42 անձանցից մեկն ինքնաբացարկ էր հայտնել, ցուցակը գրանցվեց այս փոփոխությամբ:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 6 կուսակցություններ` ՀՀԿ-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը, «Առաքելություն»-ը և «Բարև Երևան» դաշինքը, որում ընդգրկված են «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», «Շրջադարձ» կուսակցությունները։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 7-ին և կտևի մինչև մայիսի 3-ի ժամը 24-ը:
Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քաղաքական ուժերին հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը ԿԸՀ-ն կսահմանի ապրիլի 1-ի նիստում:
Ընտրական օրենսգրքի համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը քարոզարշավի ողջ ընթացքում իրավունք ունեն անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ վճարովի հիմունքներով` համապատասխանաբար ոչ ավելի, քան 50 րոպե և 80 րոպե:
Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից բացվելիք նախընտրական հիմնադրամի ֆինանսական ընդհանուր մուտքերի առավելագույն չափը 10 մլն դրամ է:
Նախընտրական քարոզչության ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունեն ծախսելու 75 մլն դրամը չգերազանցող գումար: