ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու և 50 վետերանի առողջության պահպանումը և հանգիստը կազմակերպելու նպատակով հատկացնել 6 մլն 550 հազար դրամ:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նախատեսվում է ստեղծել առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի նպատակներն են կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները և այլն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համաֆինանսավորման համաձայնագրին, ըստ որի կառավարությունը պարտավորվում է ՄԱԶԾ-ին իբրև համաֆինանսավորում հատկացնել 434 հազար 500 եվրո: Ծրագիրը, որն ուղղված է հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերում սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշների ներդրմանը, մեկնարկել է 2013 թվականին և կավարտվի 2015թ. մայիսի 31-ին: