Ամբողջ ապրիլ ամիսը և դրան նախորդած շրջանը աչքի էր ընկնում ներքաղաքական իներտ վիճակով: Այս ամենը պայմանավորված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով: Սակայն բոլոր քաղաքական ուժերը չէ, որ ստորադասեցին իրենց քաղաքական ակտիվությունը` ի հաշիվ ապրիլքսանորսյան իրադարձությունների:

Հետաքրքիրն այն է, որ Հիմնադիր խորհրդարանն իր քաղաքական գործունեության պիկը տեսնում էր հենց ապրիլքսանչորսյան իրադարձությունների ֆոնին: Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, ապրիլի 24-ին «կոնսոլիդացիա» իրականացնելու նրանց գաղափարները ադեկվատ չհամարվեցին հասարակական լայն շրջանակների կողմից, իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամների սպասումները` հասարակական աջակցություն ստանալու վերաբերյալ, այդպես էլ չիրականացան: Շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մարդկանց կողմից շարունակվեց ընկալվել ավելի շատ որպես պատերազմին մասնակցած հերոս, քան քաղաքական գործիչ: Միգուցե Հիմնադիր խորհրդարանի գործունեության ռազմավարությունը պետք էր ուրիշ ուղղությամբ տանել հաջողության հասնելու համար:
Այս ընթացքում ժամանակն ավելի էֆեկտիվ փորձեցին օգտագործել մի քանի նոր ձևավորվող ուժեր. մասնավորապես` ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանն իր թիմի հետ ակտիվ գործունեություն սկսեց նոր` «Ալյանս» կուսակցությունը ձևավորելու համար:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը», նույնպես, շարունակում է ընթանալ կուսակցության ձևավորման ճանապարհով: Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ «Այլանս»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքական ակտիվ շփումների մեջ են: Սա վկայում է այն մասին, որ նշված երկու ուժերը փորձում են համագործակցության հարթակ ստեղծել հետագա քաղաքական մեկնարկի համար:

Ազատության հրապարակի «լքվածության» այսպիսի պայմաններում, այն էլ մայիսի 1-ին հանրահավաք անցկացրին միայն ՍԴՀԿ-ն և ՀԴԿ-ն` հիշեցնելով իրենց գոյության մասին:
Արդեն իսկ տեսանելի է, որ փետրվարյան իրադարձություններից հետո ընդդիմադիր դաշտում տիրում է քաոսային իրավիճակ, ինչպես նոր խաղացողների, այնպես էլ երբեմնի ընդդիմադիրների շրջանակներում` ԲՀԿ-ն հայտնի դեպքերից հետո ուշքի չի եկել, վստահ չէ իր ուժերի վրա, ՀԱԿ-ը կորցրել է նախկին ներուժը, «Ժառանգություն»-ն իր առանձին խաղն է առաջ տանում, «նորաբողբոջ» ընդիմադիրների մոտ էլ տիրում է մի տեսակ դանդաղկոտություն և մեկուսի գործունեություն:

Փաստորեն, առաջիկայում որևէ օպոզիցիոն «կոալիցիայի» ձևաչափի ձևավորման նշույլ անգամ չի երևում:

Հայաստանյան իրականությունում ընդդիմադիր դաշտը վերաձևավորման կարիք ունի, և անիմաստ է առաջիկա ամիսներին որևէ լուրջ քաղաքական իրադարձություններ ակնկալել:

Նարեկ Պողոսյան-Facebook