Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015-ի ապրիլի 1-ից 30-ն ունեցել են 4 զոհ և 10 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 1 կորուստ:

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Կորուստներ

Մարտ ամսվա 4 կորուստներից 2-ը մարտական են, մյուս 2-ը՝ ոչ մարտական։ 1-ական մարտական և ոչ մարտական կորուստ գրանցվել է ՊԲ-ում, 1-ական մարտական և ոչ մարտական կորուստ էլ գրանցվել է պաշտպանության նախարարության զորամասերում։

Մարտական կորուստներ

Ապրիլի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի գնդակից զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 13-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) կետերով:

Ապրիլի 7-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը:

Ոչ մարտական կորուստներ

Ապրիլի 10-ին զինծառայող Արթուր Անդրանիկի Առաքելյանը (ծնված 1996 թ.) մահացել է Պաշտպանության բանակի արևելյան զորամասերից մեկում, դժբախտ պատահարի հետևանքով։ Այս մասին հայտնել է ՊԲ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 17-ին Սպիտակ-Երևան ավտոճանապարհին զինվորական «Ուրալ» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը։ Ավտովթարի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ)։ Եվս 8 զինծառայող մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Այսպիսով՝

Հունվար —12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար —6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ—4 զոհ և 10 վիրավոր

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ։

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: