Հաշված օրեր են մնացել Արևելյան գործընկերության Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին: Ինչպես հայտնի է, Արևելյան գործընկերության վեց երկրներից երեքը` Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ինտեգրման արագության առումով բավականին առաջընթաց են գրանցել ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի:
Ռիգայում կայանալիք գագաթնաժողովում Եվրամիությունը Հայաստանի հետ փաստաթուղթ կնքելու նպատակ ունի, և այլևս նորություն չէ, որ պատրաստվում է Հայաստան-ԵՄ համագործակցության նոր ձևաչափը սահմանող փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը լինելու է նոր ձևակերպումներով, որտեղ հաշվի են առնվելոււ Հայաստանի ԵՏՄ անդամ լինելու հանգամանքը: Նոր համաձայնագրի քաղաքական մասի հարցը կարծես թե լուծված է, ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա այստեղ խնդիրներ կան և բացառված չէ, որ կկիրառվի ոլորտային մոտեցում:
Նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների առևտրի նախարարների ժողովը, որից հետո Եվրամիության նախագահող երկրի` Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը նշել է. «Ներկայում մշակելով Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի նախագիծը՝ մենք ենթադրում ենք, որ դրա մաս կարող է կազմել նաև Հայաստանի հետ նոր համաձայնությունը, բնականաբար՝ հաշվի առնելով, որ այդ երկիրն անդամակցել է ԵՏՄ-ին»:
Կարող ենք նշել, որ Հայաստանի համար Ռիգայի գագաթնաժողովը հնարավոր է ավելի շատ դրական տեղաշարժ արձանագրի, քան ասոցացման համաձայնագիրն արդեն ստորագրած Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար, քանի որ նրանց` ԵՄ-ին անդամագրվելու ձգտումները կմնան չբավարարված:
Ռիգայի գագաթնաժողովում ներկայացվելիք փաստաթղթում տեղ են գտել ձևակերպումներ, որոնց համաձայն ԵՄ-ն ընդունում է յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքը` ինքնուրույն որոշելու ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման մակարդակը, միևնույն ժամանակ նշվում է, որ ԵՄ-ն իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշելու` ինչպես առաջ տանել հարաբերությունները հարևանների և արևելյան գործընկերների հետ:
Այսպիսով, թե ինչ խորությամբ և ինչ բովանդակությամբ կսահմանվեն ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակները, ժամանակը երկար սպասեցնել չի տա, սակայն չպետք է բացառել, որ շատ ժամանակ անակնկալներ են տեղի ունենում:
Նարեկ Պողոսյան-Facebook