Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ տեղի ունեցավ «Հաղթանակ 70» էլեկտրոնային շտեմարանի շնորհանդեսը: Ներկայացվեց նաև «Հայ ժողովրդի մասնակցությունը հայրենական մեծ պատերազմին» խորագրով զեկուցումը, որի հեղինակը գրադարանի աշխատակից Ռուբեն Ալեքսանյանն էր: Վերջինս պատմեց Երկրորդ համաշխարհային պատերազմի փուլերի, քաղաքական նկատառումների և կոալիցիոն նախաձեռնությունների մասին:
Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի վարիչ Շողեր Ոսկանյանը ներկայացրեց «Հաղթանակ 70» էլեկտրոնային շտեմարանի կառուցվածքը՝ Հայրենական մեծ պատերազմի թեմայով հոդվածներ, լուսանկարներ, գրքային և ամսագրային նյութեր: Դրանք հիմնականում ռուսալեզու են, սակայն համալրվելու են հայերեն թարգմանություններով:
Անընդհատ թարմացվող էլեկտրոնային շտեմարանը շեշտադրում է հատկապես հայերի մասնակցությունն այդ պատերազմին: Շտեմարանում զետեղված են նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հայաստանյան հուշարձանները պատկերող պաստառներ, ինչպես նաև Թամանյան հայկական դիվիզիայի հերոսների նամակները, բանաստեղծությունները: Շողեր Ոսկանյանը Թամանյան դիվիզիայի ուղերձից մեջբերում հնչեցրեց, (Գևորգ Մարզպետունու երդումը) որը ստորագրել են դիվիզիայի բոլոր անդամները և շեշտել, որ այդ խոսքերը նրանց համար մշտապես ոգեշնչման աղբյուր են եղել. «Չեմ մտնիլ իմ հարկի տակ, մինչև վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից»:
Հեղինակ՝ Նելլի Թադևոսյան