Թբիլիսիում տեղի ունեցած շոտոկան կարատեի միջազգային մրցման ժամանակ տեղի է ունեցել հայ եւ ադրբեջանցի մարզիկների բախում։
Դեպքի մանրամասները պարզաբանելու նպատակով YerevanNews.am-ը կապ հաստատեց Կարատեի Ազգային ֆեդերացիայի գլխավոր մարզիչ, wado-ryu կարատեի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Մուրադյանի հետ, ով այդ մրցմանը մասնակցել է, և հանդես է եկել որպես դատավոր։
«Միջադեպը սկսել է Վրաստանը ներկայացնող հայազգի և ադրբեջանցի մարզիկի միջև՝ մենամարտի ընթացքում ադրբեջանցին չլսելով «Կանգառ» հրահանգը հարվածում է հային, որը իր հերթին պատասխանում է։ Տեղի ունեցածից հետո վրացի և ադրբեջանցի մարզիչները սկսում են միմյանց վրա գոռգոռալ, ինչը կանգնեցվում է մրցահարթակի մոտ գտնվող մրցավարների և մասնակից թիմերի մարզիչների կողմից»,- տեղեկացրեց պարոն Մուրադյանը։
«Հայկական պատվիրակությունը ոչ մի կապ չի ունեցել միջադեպի սկզբի հետ, սակայն երբ Վրաստանի և Ադրբեջանի մարզիկներին մերձեցնելու ժամանակ ադրբեջանցին հարվածում է վրացահայ մարզիկի մեկնած ձեռքին, հայը հարվածում է նրա դեմքին։ Դրանից հետո միայն ներկա գտնվող հայ մարզիկները ստիպված են լինում տեղը դնել ադրբեջանցիներին։
Ադրբեջանի հավաքականի մարզիչների հետ զրույցից հետո նրանք ներեղություն են խնդրել և լքել են դահլիճը։ Միջադեպի արդյունքում հայկական թիմի ոչ մի ներկայացուցիչ չի տուժել»,- եզրափակեց մարզիչը։
Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Հայաստանի Սպորտի նախարարութունը.
«Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաեւ կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:
Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչեւ որակազրկում և արգելք՝ մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:
Հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության եւ վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»: