Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումը ՀՀ զինված ուժերի ամենակարեւոր խնդիրներից է: Հայկական բանակի սպան եւ զինվորը վստահորեն մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծի ամբողջ երկայնքով: Հերթական անգամ իրենց լավագույնս դրսեւորած մի շարք զինծառայողներ մարտի 30-ին պարգեւատրվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից:
ՀՀ սահմանները պաշտպանելիս, մարտական հերթապահության, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու, ինչպես նաեւ զգոնություն, վճռականություն եւ խիզախություն ցուցաբերելու համար ՀՀ զինված ուժերի զինծառայողներ, կապիտան Սմբատ Վարդանյանը, ավագ լեյտենանտ Ապետ Սարգսյանը, ինչպես նաեւ պայմանագրային զինծառայողներ ավագ Արթուր Վարդումյանը, սերժանտ Հայկ Մարտոյանը, կրտսեր սերժանտ Նահապետ Ղեւոնդյանն ու շարքային Արմեն Շախիկյանը պարգեւատրվել են «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Վազգեն Սարգսյան» եւ «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:
Շնորհավորելով զինծառայողներին պարգեւատրման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բանակի հզորությունից է կախված մեր ժողովրդի անվտանգությունը եւ կարեւորել է զինծառայողների ցուցաբերած խիզախությունը: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ նրանց խիզախությունը օրինակելի պետք է լինի ազգային բանակի բոլոր զինծառայողների համար:
Անմիջական զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների թե՛ նյութական ապահովվածության, թե՛ սոցիալ-կենցաղային հարմարավետության պայմաններին, խոսել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Սեյրան Օհանյանը հայրենիքի պաշտպաններին մաղթել է ոգու արիություն, տոկունություն, առողջություն եւ բարի ծառայություն: