Այսօր` մայիսի 14-ին Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները ներկայացրեցին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով փորձաքննությունների արդյունքները:
Բանախոսական կազմում էին Երեմ Սարգսյանը, Լուսինե Սահակյանը և Միհրան Պողոսյանը:
Երեմ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց հատուկ փորձագետի կողմից անցկացված փորձաքննության արդյունքները: «Փորձագետի անցկացված փորձաքննությունը բաղկացած է 44 էջից` 43 նկար: Ըստ հետազոտության` եղել է ընդհանուր առմամբ 11 կրակոց: Կրակոցները եղել են հորիզոնական դիրքով: Ըստ փորձագետի` հանցագործը ոչ մի հարված չի հասցրել վերևից ներքև»:
Բանախոսի խոսքով վերջնական եզրակացության կարելի է գալ միայն համալիր փորձաքննությունից հետո: Կատարված հետազոտությունից պարզ կլինի նաև, թե ինչ դիրքերում էին գտնվում տուժվածները:
Լուսինե Սահակյանը լրագրողներին ներկայացրեց ամենահետաքրքիր փաստերը դեպքի վերաբերյալ: «Հետազոտությունները ցույց են տվել, որ պապիկը ` Սերյոժա Ավետիսյանը, պայքարել է, քանի որ նրա վրա հայտնաբերվել են քերծեներ: Արմեն Ավետիսյանը նույնիսկ քայլեր է արել կնոջն ու փոքրիկին փրկելու, քանի որ նրան գտել են գետնի վրա»:
Բանախոսը ավելացրեց նաև, որ թաշկինակը, որը գտել էին բակում, պատկանում էր փոքրիկ Սերյոժային: Այսինքն` կասկածները, որ կարող էր դա լինել հանցագործինը, բացառվում է:
Միհրան Պողոսյանի խոսքով. «Առարկաների վրա հայտաբերված հետքերը ցույց են տվել, որ հանցագործության կատարողը Պերմյակովն է` 99.99 %-ով: Հանցագործի հետքերն առկա են սվին դանակի, օպտիկական լինզայի, ականջակալների վրա, ինչպես նաև զինվորական հագուստն է եղել նրանը: Հանցագործին պատկանել է նաև վառարանի վրա գտնված ծխախոտը»:
YerevanNews,am-ի հարցին, թե երբ կավարտվեն հետաքննական աշխատանքները և երբ վերջնական եզրակացության կգան, Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ «Միայն առաջիկա համալիր հետազոտության շնոիհիվ կկարողանանք եզրակացություն անել, իսկ եթե հետազոտությունների ընթացքում նոր բան չպարզաբանվի, եզրակացություն կանենք արդեն կատարված նախաքննության հիման վրա»: