«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած` ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած` Ավետիսյանների ընտանիքի դեմ կազմակերպված ոճրագործության վերաբերյալ:Նա պահանջել է, որ այդ լսումներին հրավիրվեն Հատուկ քննչական ծառայության ղեկավար Աղվան Հովսեփյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը և Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ղեկավարը, ովքեր պետք է պատգամավորներին պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչ ընթացքում է Ավետիսյանների դեմ իրագործված ոճրագործության բացահայտումը:

Երբ Զարուհի Փոստանջյանն առաջարկել է հրավիրել ռուսական կողմին, ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն առարկել է, որ Հայաստանի խորհրդարանը նման լիազորություն չունի, որ ռուսները, միևնույն է, չեն գա:

«Ջհանգիրյանի մոտեցումն ինձ համար պարզ է. նրանք ռուսամետ դիրքորոշում ունեն եւ չեն ցանկանում, որ ռուսներն իրենցից դժգոհ մնան: Որվհետեւ ի՞նչ է նշանակում` ռուսները չեն գա, մեր խնդիրը նրանց հրավիրելն է, եթե չեն գալիս, դա էլ է ինչ-որ բանի ապացույց»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Իսկ ի՞նչ կապ ունի խորհրդարանական այս քննարկումների հետ ռուսամետությունը կամ, ընդհակառակը, ռուսատյացություն, եթե պատգամավորը ցանկանում է, որ քննարկվի հանցագործության բացահայտման ընթացքը եւ հնարավոր լինի պարզաբանել, թե ինչ նոր տեղեկություններ կան գործի քննությունից: Ամբողջ խնդիրն այն է, որ Զարուհի Փոստանջյանն այնպիսի հարցադրումներ է անում, որոնք, ըստ էության, քաղաքական են, եւ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունն ու ռուսական իշխանությունները կարող էին մտահոգվել նման հարցադրումների գոյությունից:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում