«Բորուսիա Դորտմունդը» կամ Դորտմունդի «Բորուսիան» գերմանական ֆուտբոլային ակումբ է։ Ամբողջական անվանումը՝ Բալշպայ Ֆերայն Բորուսիա 1909 Դորտմունդ, մականունը՝ գերմ.՝ Die Borussen կամ Die Schwarzgelben (Սև դեղիները)։
Հիմնադրվել է 1909 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Կայզերական Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։ Մարզիչը գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպն է։ Թիմի սեփականատերն է Ռայնհարդ Ռաուբալը։ Ակումբի սպորտային տնօրենն է Հանս-Յոահիմ Վացկեն։ Թիմի կարգախոսն է՝ Echte Liebe (թարգմանաբար ՝ հավերժական սեր)։ Մարզադաշտն է Սիգնալ Իդունա Պարկը (Վեսթֆալենշտադիոն)։
2011 թվականի ապրիլի 30-ին Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 2։0 հաշվով հաղթեց «Նյուրենբերգին» և հռչակվեց 2010-11 մրցաշրջանի Բունդեսլիգայի հաղթող։ Դա Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին նվաճած տիտղոսն էր։ Վերջինիս գլխավորությամբ 2011-12 մրցաշրջանում թիմը ավելի լավ արդյունք գրանցեց` պաշտպանելով երկրի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մրցաշրջանում թիմը վաստակեց 81 միավոր և ողջ առաջնության ընթացքում պարտվեց ընդամենը 3 անգամ։ Այդ տարի Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի եզրափակչում 5։2 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային» և նվաճեց Գերմանիայի գավաթը։ Այդ խաղում Ռոբերտ Լևանդովսկին իր հաշվին 3 գոլ գրանցեց։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա այստեղ թիմը ձախողվեց՝ խմբային փուլի 6 խաղերում վաստակելով ընդամենը 4 միավոր, զբաղեցրեց վերջին տեղը և նույնիսկ չվաստակեց Եվրոպայի լիգայի ուղեգիր։
Բունդեսլիգա 2011-12 մրցաշրջանի սկզբում «Բորուսիան» Գերմանիայի սուպերգավաթում պարտվեց «Բավարիային»։ Նույն կերպ Գերմանիայի Գավաթի 1/4 եզրափակչում թիմը կրկին պարտվեց «կարմիրներին»։
Բորուսիայի գործերը ավելի հաջող ընթացան Չեմպիոնների լիգայում։ Խմբային փուլը հաղթահարելուց հետո թիմի հաջորդ մրցակիցը «Մալագան» էր։ Պատասխան խաղում «Բորուսիան» ավելացված ժամանակում խփեց 2 գոլ և ապահովեց ուղեգիրը դեպի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Իսկ հաջորդ փուլում Դորտմունդի մրցակիցը Մադրիդի «Ռեալն» էր։ Տնային խաղում Բորուսիան «Ռեալին» ջախջախեց 4։1 հաշվով։ Ի դեպ, այդ խաղում պոկերի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։ Մրցակցի դաշտում «Բորուսիան» պարտվեց 2։0 հաշվով, որը, սակայն, ձեռնտու էր իրեն։
Եզրափակչում Դորտմունդի Բորուսիայի մրցակիցը Մյունխենի Բավարիան էր։ Խաղին վնասվածքի պատճառով չէր մասնակցում Մարիո Գյոթցեն։ Սկզբում հաշիվը բացեց Մարիո Մանջուկիչը։ Հետո 11-մետրանոցը հստակ իրացրեց Իլկայ Գունդոգանը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Արիեն Ռոբենը։
Հաջորդ մրցաշրջանի սկզբում 2013թ.-ի Գերմանիայի սուպերգավաթի խաղում «Բորուսիան» «Բավարիային» հաղթեց 4։2 հաշվով։ Թիմ եկան նոր ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը։ Կլոպը ցանկանում էր այս նոր ֆուտբոլիստների շնորհիվ վերանվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։
2013-2014 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» հակառակորդները շատ հզոր թիմեր էին՝ Մարսելի «Օլիմպիկը», «Նապոլին», «Արսենալը»։ «Նապոլիին» պարտվելուց հետո թիմի առջև դրված էր ծանր առաջադրանք՝ հաղթել մյուս երկուսին։ «Արսենալին» հաղթելուց հետո Դորտմունդցիների համար ամենաորոշիչ խաղը «Օլիմպիկի» դեմ խաղն էր։ Պարտվելու դեպքում թիմը դուրս չէր գա խմբից, հաղթելու դեպքում դուրս կգար առաջին տեղով։ Խաղի վերջին րոպեին Կևին Գրոսկրոյցը խփեց վճռորոշ գոլը։ 1/8 եզրափակչում թիմը հաղթեց «Զենիթին» և անցավ հաջորդ փուլ, որտեղ թիմը 3։2 ընդհանուր հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ «Ռեալի» դեմ պատասխան խաղում իրենց հիանալի դրսևորեցին Մարկո Ռոյսը և Ռոբերտ Լևանդովսկին։ Ռոյսը 24-րդ րոպեին խփեց իր թիմի առաջին գոլը, իսկ 37-րդ րոպեին Լևանդովսկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և անդրադարձավ Ռոյսին, ով տվյալ դիրքից չվրիպեց և դուբլ ձևակերպեց։ Ցավոք երրորդ գոլը խփել չհաջողվեց։
Բունդեսլիգա 2013-14-ում թիմը գրավեց 2-րդ տեղը, իսկ Գերմանիայի գավաթի եզրափակչում ավելացված ժամանակում 2։0 հաշվով զիջեց Մյունխենի «Բավարիային»։
2014-2015 մրցաշրջանի սկզբում Գերմանիայի սուպերգավաթի խաղում դորտմունդցիները Սիգնալ Իդունա Պարկում 2։0 հաշվով հաղթեցին Մյունխենի «Բավարիային»։ Սակայն նոր մրցաշրջանի առաջին կեսը անհաջող էր«Բորուսիայի» համար։ Թիմը գրանցեց ընդամենը 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 10 խայտառակ պարտություն։ Ներկա պահին «Բորուսիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։ Այսպիսի վատ արդյունք վերջին անգամ թիմը գրանցել էր 27 տարի առաջ։
BVB-ի երկրպագուները համարվում են Գերմանիայի ամենակրեատիվ և ամենաշատ աջակցություն ցույց տվող երկրպագուները: «Բորուսիայի» ստադիոնը համարվում էԵվրոպայի ամաենաայցելվող ստադիոններից մեկը. երկու անգամ՝ 2003-2004 և 2004-2005 մրցաշրջաններում, Վեսթֆալիյում գտնվող ստադիոնը դարձել է մայրցամաքի ամենաշատ այցելուներ ունեցող ստադիոնը։ Իսկ 2003-2004 մրցաշրջանում սահմանել է բացարձակ ռեկորդ՝ մեկ տարվա ընթացքում տնային խաղերում ընդունելով 1.35 միլիոն երկրպագու։ Այսպիսով, դորտմունդյան ակումբը ամեն տարի վաճառում է մոտավորապես 45000 սեզոնային տոմս, իսկ 2007-2008 մրցաշրջանում ակումբը վաճառել է 50549 տոմս, ինչը համարվում է ռեկորդ Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում։
2009թ.-ին՝ իրենց ստեղծման 100-րդ տարում, ակումբը սահմանեց նոր ռեկորդ, գերազանցելով իր նախկին ռեկորդը. վաճառվել էր 50675 տոմս։ Մոտավորապես 25000 մարդ ամբողջ աշխարհում ակումբի 650 պաշտոնական ֆան-ակումբների անդամ է։ «Բորուսիային» երկրպագում են ոչ միայն Դորտմունդում, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի երկրներում։ Իսկ Հայաստանում «Բորուսիային» սկսեցին ավելի շատ երկրպագել այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց այնտեղ։