1981թ, մայիսի 18-ին իր մահկանացուն կնքեց ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը:
Նա ծվել է 1908թ. ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Առաջին անգամ տպագրվել է 1933 թվականին, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» կոչվող առաջին գրքով: Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Իրականության և երազանքի հակադրության, ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու թեմաներն են արծարծված Սարոյանի արձակում, որոնք այնուհետև դրսևորվել են նրա դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները։ 1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրություններ։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Ս. Էլիոթին, Եղիշե Չարենցին նվիրված էջերը:
Վիլյամ Սարոյանը մահացել է Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։