ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործանարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապրիլի 9-ին տեղի ունենալիք  նախագահի երդմնակալությանը:

Արման Մելիքյանը մասնավորապես գրել է.

«Հայաստանում գործող իշխանության դեմ պայքարողների վարկանիշի գնահատման ընդունված չափորոշիչն այն է, թե պայքարի մեջ մտած առաջնորդը որքան մարդ կհավաքի Ազատության հրապարակում: Որքան շատ հավաքի, այնքան, ուրեմն, ավելի հզոր ու կարող է նա: Այս սցենարն արդեն հինգերորդ անգամ է կրկնվում անկախ Հայաստանի պատմության մեջ`մարդիկ նախ մասնակցում են կեղծված ընտրությունների, ապա սկսում են բողոքել ընտրությունների կեղծման դեմ: Առաջնորդներն էլ նախ խոստանում են, որ այս անգամ հաստատ ժողովուրդը կհասնի բաղձալի նպատակին` կտապալի ատելի ու անօրեն կառավարիչներին, իսկ հետո սկսում են նույն այդ ժողովրդին բացատրել, թե որոնք էին իրենց անհաջողության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Հայաստանում լեգիտիմ իշխանության կորուստը հանգեցրել է մեր պետական ինքնիշխանության սահմանափակման, դրա տիրույթի էական կրճատման: Այսօրվա գործընթացները լեգիտիմ իշխանություն ունենալու անհրաժեշտությունը մոռացության մատնելով` հանրությանը կրկին տանում են անպտուղ ինքնահռչակումների ճանապարհով: Վստահ եմ, որ պարոն Սերժ Սարգսյանն ապրիլի իննին նախատեսված երդմնակալության արարողության ժամանակ կարժանանա Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի օրհնությանը և միանգամայն հնարավոր եմ համարում, որ Կաթողիկոս Արամ Ա-ն էլ իր ներկայությամբ պատվի պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի զուգահեռաբար կազմակերպվելիք երդմնակալության արարողությունն ու իր օրհնությունը հայտնի վերջինիս, բայց դրանից իրողությունը չի փոխվի` Հայաստանի համար լեգիտիմ իշխանության հարցը կմնա բաց, չլուծված»: