Այսօր Հայաստանի բազմաթիվ դպրոցներում հնչեց վերջին զանգը: Հազարավոր աշակերտներ թևակոխեցին կյանքի նոր էջ՝ անցյալում թողնելով իրենց կյանքի կարևորագույն և միգուցե ամենավառ տարիները: Սովորաբար հայաստանյան դպրոցների աշակերտները այս օրը նշում են գունեղ և հետաքրքիր հանդիսություններով, տոնակատարություններով: Սակայն «Vitamin» ակումբի անդամ, հումորիստ Վաչեն իր «վերջին զանգը» քիչ այլ կերպ է հիշում...երբ մենք խնդրեցինք նրան որևէ հետաքրքիր հիշողություն պատմել այդ օրվանից Վաչեն պատասխանեց.
«Ճիշտն ասած, այդպիսի հիշողություն կամ միջադեպ չկա...մենք վերջին զանգ չենք ունեցել»:
Զարմացած այս իրողությամբ և մտածելով, թե սա Վաչեի հերթական կատակն է, YerevanNews.am-ը խնդրեց մանրամասնել.
«Վերջին զանգի հիշողությունս այն է, որ վերջին զանգ չենք ունեցել: Ճիշտն ասած այդ տարի մեր դպրոցում որոշում ընդունվեց առհասարակ «վերջին զանգի» միջոցառում չանել: Մենք ուղղակի եկանք, փուչիկներով կանգնեցինք դպրոցի դիմաց ու գնացինք...որպես այդպիսին ոչինչ չի եղել»:
«Vitamin»-ի Վաչեն սիրով շնորհավորեց բոլոր շրջանավարտներին՝
«Շնորհավորում եմ այս տարվա բոլոր շրջանավարտներին: Սա շատ լուրջ և հուզիչ օր է, նրանք մտնում են նոր կյանք: Ամենակարևորը, թո՛ղ «վերջին զանգը» նրանց ուսման վերջը չլինի, քանի որ մեր օրերում սովորել բուհերում և ստանալ լավ կրթություն շատ կարևոր է»:
YerevanNews.am-ը նույնպես միանում է շնորհավորանքներին՝ ցանկանալով շրջանավարտներին կյանքում կատարել ճիշտ ընտրություն: