«Ռոման» կամ «Ռոմայի Սպորտային Միությունը» պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է ՝ տեղակայված Հռոմ քաղաքում։
Թիմի ներկայիս նախագահը Ջեյմս Պալլոտտան է, մարզիչը՝ Ռուդի Գարսիան, իսկ ավագը՝ Ֆրանչեսկո Տոտտին։
Ակումբը հիմնադրվել է 1927 թվականին Իտալո Ֆոսկիի կողմից։ Նույն թվականից հանդես է գալիս իտալական A Սերիայում։
«Ռոման» մասնակցել է Սերիա A-ի բոլոր առաջնություններին՝ բացառությամբ 1951-52 մրցաշրջանի։
«Գայլերը» 3 անգամ նվաճել են իտալական Սերիա A-ի չեմպիոնի կոչումը՝ առաջին անգամ 1941-42, հետո 1982-83 և վերջին անգամ 2000-01 մրցաշրջաններում, ինչպես նաև 9 անգամ նվաճել է Իտալայի գավաթը՝ Կոպպա Իտալիան և 2 անգամ Իտալիայի սուպերգավաթը՝ Սուպերկոպպա Իտալիան։
Եվրոպական մրցասպարեզում 1960-61 թվականներին «Ռոման» հաղթել է Կոպպա Ֆիերեն՝ ներկայիս Եվրոպայի լիգան, ինչպես նաև Անգլո-իտալական գավաթը՝ 1971-72 թվականներին։
1983-84 թվականներին ակումբը մոտ էր առաջին անգամ նվաճելու Չեմպիոնների գավաթը (ներկայիս Չեմպիոնների Լիգան). եզրափակչում «Ռոման» խաղաց «Լիվերպուլի» հետ, հիմնական ժամանակը ավարտվեց 1։1 հաշվով, սակայն 11 մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրեցին անգլիացիները։
«Ռոման» տնային հանդիպումներն անցկացնում է Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, այն համարվում է նաև «Լացիոյի» տնային մարզադաշտը։
Մարզադաշտը տեղավորում է 72,698 հանդիսական. այս ցուցանիշով այն Իտալիայում երկրորդն է, զիջում է միայն «Միլանի» Սան Սիրո (Ջուզեպպե Մեացա) մարզադաշտին։
2009 թվականի սեպտեմբերին ակումբը պլանավորեց Հռոմի արևմուտքում կառուցել 55,000 հանդիսական տեղավորող մարզադաշտ, որը կհամապատասխանի անգլիական ոճին և հնարավորություն կտա երկրպագուներին ավելի մոտ լինելու խաղադաշտին։
Արդեն 2011 թվականի սեպտեմբերին ակումբի նորանշանակ նախագահ Թոմաս Դիբենեդետտոն համաձայնության եկավ Հռոմի քաղաքապետ Ջիաննի Ալեմանոյի հետ մարզադաշտի կառուցման վերաբերյալ։ Վերջինիս կառուցումը ավարտվեց 2014 թվականին։
«Ռոմայի» գույները՝ թագավորական մանուշակագույնը ոսկեգույն-դեղին նախշերով, ներկայացնում են Հավերժական քաղաքի՝ Հռոմի ավանդական գույները։ Հռոմի քաղաքապետարանի պաշտոնական կնիքը նույնպես այդ գույներով է։
Ոսկեգույնն ու մանուշակագույն-կարմիրը ներկայացնում են Հռոմեական կայսրության արժանապատվությունը։ Սպիտակ շորտերը և սև գուլպաները սովորաբար հագնում են կարմիր մարզաշապիկի հետ, սակայն հատկապես կարևոր խաղերի ժամանակ շորտերն ու գուլպաները լինում են տնային մարզաշապիկի գույնի։
Մարզահագուստն ի սկզբանե հռոմեական ֆուտբոլային ակումբինն էր՝ մեկը այն երեք ակումբներից, որոնք 1927 թվականին միացան և ձևավորեցին ներկայիս «Ռոման»։
Մարզաշապիկի գույներից ելնելով՝ «Ռոմային» երբեմն անվանում են i giallorossi՝ դեղնակարմիրներ։
Ակումբի հայտնի մականունն է i lupi՝ «գայլեր». կենդանին պատմության ընթացքում միշտ պատկերված է եղել ակումբի նշանի վրա՝ տարբեր տեսքերով։
Այժմ «Ռոմայի» զինանշանը հիմնադրման ժամանակ գործածվող զինանշանն է։ Այն ունի հետևյալ տեսքը՝ մուգ կարմիր և դեղնաոսկեգույն վահանի վրա պատկերված է էգ գայլ երկու երեխաների՝ Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների հետ, որոնք պատկերում են Հռոմի հիմնադրման առասպելը։
Վերջինս պատմում է, որ Մարսի և Ռեա Սիլվիայի զույգ երեխաներին Ամուլիոսը՝ նրանց հորեղբայրը, գցում է Տիբեր գետը, սակայն գայլը նրանց փրկում է և խնամում։ Որոշ ժամանակ անց զույգ եղբայրները պատժում են Ամուլիոսին։ Հետո Հռոմուլոսը սպանում է Հռեմոսին և դառնում նոր քաղաքի թագավորը, որն իր անունով կոչում են Հռոմ։
«Ռոման» համարվում է Իտալիայի 5-րդ ամենաերկրպագվող թիմը՝ զիջելով «Յուվենտուսին», «Ինտերին», «Միլանին» և «Նապոլիին»։
Պատմականորեն «Ռոմայի» երկրպագուների մեծ քանակը բնակվել է Հռոմի կենտրոնում գտնվող Տեստաչչո թաղամասում։
Commando Ultrà Curva Sud–ը (CUCS) ակումբի երկրպագուների ավանդական խումբն էր, որը հիմնադրվել էր այլ փոքր խմբերի միացումից և համարվել է Եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ ամենահայտնին։Սակայն 1990-ականների կեսերին CUCS–ը հափշտակվեց մրցակիցների խմբերի կողմից և ի վերջո պառակտվեց։
Ակումբի ամենահայտնի հիմնը և կարգախոսը "Roma, Roma, Roma"-ն է՝ երգիչ Անտոնելլո Վենդիտտիի կատարմամբ։ Բառացի թարգմանությամբ վերնագիրը հետևյալն է՝ «Ռոման չեն քննարկում, Ռոմային սիրում են»։ Հիմնը հնչում է յուրաքանչյուր խաղից առաջ։
Նույն երգչի կատարմամբ "Grazie Roma" («Շնորհակալություն, Ռոմա») երգը հնչում է տնային հանդիպումների վերջում՝ հաղթանակի դեպքում։
Վերջերս The White Stripes-ի հիմնական երգը՝ Seven Nation Army-ը, նույնպես տարածում է գտել խաղերի ժամանակ։
Իտալական ֆուտբոլում «Ռոման» շատ մրցակիցներն ունի։ Առաջին և հիմնական մրցակիցը «Լացիոն» է։ Այս ակումբների միջև հակամարտությունը կոչվում է "Derby della Capitale" (մայրաքաղաքային դերբի)՝ աշխարհի երկու ամենատաքարյուն և էմոցիոնալ մրցակիցների միջև։