Զինված ուժերի 2015 թվականի ուսումնական պատրաստության պլանի համաձայն` մայիսի 20-ից 23-ը ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվել է «Լավագույն գումարտակային ականանետային դասակ» համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցող դասակներն իրենց ունակություններն են դրսևորել մարտական հրաձգություն, կրակային խնդիրների կատարման և ֆիզիկական պատրաստություն վարժություններում: Հայաստանի և Արցախի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում մրցույթին մասնակցել են նաև պաշտպանության բանակի ներկայացուցիչները:
Ամենամյա մրցույթն անցկացվել է 3 փուլով: Երրորդ՝ եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի լավագույն ականանետային դասակներից ձևավորված 6 թիմեր, յուրաքանչյուր թիմում` 10-ական զինծառայող: Մրցաշարն առաջին անգամ անցկացվում էր կենտրոնացված տարբերակով, և մասնակիցները մրցույթին մեծ պատասխանատվությամբ են մոտեցել:
Մասնակից դասակների միջև ծավալվել է անզիջում պայքար: Նախ` ստուգվել են մասնակիցների ֆիզիկական կարողությունները, այնուհետև ականանետային դասակները մասնագիտական պատրաստության նորմացույցներ են հանձնել: Ստուգվել են նաև մարտական հրաձգության նրանց ունակություները:
Լավագույն ականանետային դասակին ընտրելու համար ձևավորվել էր հանձնաժողով, որի նախագահ, փոխգնդապետ Պավել Թոփչյանի խոսքերով` նախորդ տարիների համեմատ բարձրացել է դասակների մարտավարամասնագիտական պատրաստության մակարդակը, կատարելագործվել են մարտական հրաձգությամբ կրակային խնդիրների կատարման և կրակի կառավարման հմտությունները:
Երեք օր տևած համաբանակային մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել պաշտպանության բանակի մոտոհրաձգային գումարտակի ականանետային դասակը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար 5-րդ և 2-րդ բանակային զորամիավորումների ներկայացուցիչները: Մրցանակային տեղեր զբաղեցրած դասակները ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով պարգևատրվել են պատվոգրերով: