Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված երեկվա բողոքի երթը կարող ենք համարել հաջողված, թեև ակնկալում էի, որ ավելի շատ մարդ պիտի լիներ։ Թեև հրապարակը լեցուն էր, սակայն խտությունը բավական չէր, իսկ դա նշանակում է, որ ՀՀ որոշ քաղաքացիներ դեռ դուրս չեն եկել տներից և հույսները դրել են ուրիշների պայքարի վրա, իսկ դա առաջին հերթին անազնիվ է և խոսում է իրենց ոտնահարված իրավունքի դիմաց պասիվության դրսևորման մասին։ Կազմակերպիչ երիտասարդների կատարածը գնահատում եմ դրական, բայց ոչ բավարար՝թերությունները շատ էին, որոնք ընթացքում կշտկենք։
Հրապարակում կանգնած կանայք տեսնելով այդ թերությունները ինձ խնդրեցին բարձրանալ բեմ և ելույթ ունենանալ, ինչը սակայն խոսափողի մոտ կանգնած երիտասարդին այնաստիճան վախեցրեց, որ միանգամից հեռացրեց խոսափողը։ Ինչի"ց եք վախենում տղաներ, թե մենք այնքան թույլ ենք ազգովի, որ միմիայն սոցիալական բնույթի պայքարի ենք ընդունակ և վախենում ենք բոլոր նրանցից, ովքեր պայքարը լուրջ ուղղությամբ կարող են տանել։ Սա արդեն քննարկվում է հանրության մեջ և նմանատիպ քայլերը թուլացնելու են բողոքի ուժը։
Ինչ վերաբերում է նրան, որ հաջորդ ակցիան պետք է իրականացնել հունիսի 16-ին, ես դա լիարժեք սխալ եմ գնահատում,քանզի մեկ ամիս դադարը նմանօրինակ հրատապ սոցիալական խնդիր լուծելու համար անխոհեմ է և ոչնպատակահարմար, քանզի սկսված բողոքի ակցիան կկորցնի իր թափը, իսկ նրան նոր, ավելի ուժգին թափ է հարկավոր հաղորդել և ոչ թե երբ տրամադրություն ունենանք, դուրս գանք փողոց։
Դրա համար, հարկավոր է շաբաթը առնվազն 2 անգամ բողոքի ակցիաներ և իրազեկման երթեր անցկացնել,պայքարը կառուցել շենքային ակտիվիստների հենքի վրա, ովքեր իրենց շենքերում կլուծեն ընդհանուրի խնդիրը մասնակիորեն։ Այս ամենով հանդերձ, խոսափողը ինձ չտրամադրած երիտասարդի պատճառով ես չեմ պատրաստվում բացասաբար տրամադրվել բոլորի նկատմամբ, քանզի այտեղ անձնական խնդիր լուծելու կարիք չունեմ և հասկանում եմ, որ ընդհանուրի շահը և խնդիրը թելադրում է մի կողմ դնել անձնական հարցերը։ Իսկ անձնական հարց լուծելու խնդիր քաղաքականության մեջ Անի Զախարյանը երբեք չի ունեցել, ով սա դեռ չի հասկացել, ուրեմն դեռ խակ է կամ լավ չի զանազանում երևույթները։ Պայքարը շարունակում ենք՝Ոչ թանկացմանը, Ոչ մի լումա թանկացում։
Անի Զախարյան