Ես ճանաչում եմ Հայաստանի պաշտպանության նախարարին: Անձամբ: 2000 թվականին, երբ որոշել էի որպես սպա ծառայության անցնել ԼՂՀ ՊԲ շարքերում, պետք է ներկայանայի ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրաամանատար գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանին: Մինչ այդ նման բարձրաստիճան զինվորականի հետ չէի առնչվել, բնականաբար՝ փոքր-ինչ հուզված էի: Երբ հերթապահ սպան ներս հրավիրեց նախարարի աշխատասենյակ, գեներալ-լեյտենանտը, սիրալիր ժպտալով, վեր կացավ տեղից, ընդառաջ եկավ, բարևեց և հրավիրեց նստել: Զրույցի երկրորդ րոպեին կաշկանդվածության զգացումն իսպառ անհետացել էր, որովհետև խստապահանջ հրամանատարի համարում ունեցող գեներալը իրականում պարզ և բարեհամբույր մարդ էր, ով իր մոտ ընդունելության եկած ապագա սպայի հետ խոսում էր նրա առաջիկա աշխատանքի սկզբունքների մասին, ուշադիր լսում դիմացինը կարծիքը:

Հետո, երբ ես սկսեցի կրել սպայական ուսադիրներ և ծառայողական պարտականությունների բերումով հաճախ էի առնչվում նախարարի հետ, համոզվեցի, որ վերոհիշյալ հատկանիշները նրա մարդկային նկարագրի անքակտելի մասն են: Բարեսրտությունն ու ներողամտությունը գեներալ Օհանյանին չէին խանգարում լինել նաև պահանջկոտ ու խիստ, պարզապես նա, ի տարբերություն շատերի, ենթականերից պահանջում էր ոչ թե նրանց նսեմացնելով ու ոչնչացնելով, այլ՝ հարգալից, ի շահ ընդհանուր գործի, այդ մոտեցումը բոլոր գիտակից սպաների շրջանում ձևավորում էր այնպիսի մթնոլորտ, երբ նախարարի հանձնարարությունը չկատարելը սարսափելի էր, ոչ թե պատժամիջոցների, այլ սեփական խղճի առջև պատասխան տալու հեռանկարի առումով:
Այսօր ոմանք մարտական ուղի անցած գեներալի մասին ասում են, թե նա թույլ ղեկավար է:

Վստահ եմ՝ այդպես խոսացողները Օհանյանին պարզապես չեն ճանաչում, եթե ճանաչում են, ավելի վատ, որովհետև բացահայտորեն ստում են: Հետաքրքիր է, թե այդ մարդիկ ի՞նչ գիտեն ուժի մասին: Պատկերացնու՞մ են, որքան կամք ու աշխատանք է անհրաժեշտ լինում նախարարին, իր ծանր վիրավորվածության պարագայում նման մարզական կեցվածք ու աշխատունակություն ունենալու համար: Վստահ եմ՝ նախարարի հասցեին չարախոսողների մեծամասնությունը նույն իրավիճակում հայտնվելու դեպքում գամված էր լինելու անվասայլակին: Նաև պետք չէ մոռանալ, որ խորհրդային բանակի մայոր, 366-րդ գնդի լավագույն գումարտակի հրամանատար Օհանյանը կարող էր հանգիստ հեռանալ Արցախից իր զորամասի հետ: Նրան ճանաչելով՝ համոզված եմ, որ ռուսական բանակում էլ հիանալի զինվորական կարիերա կաներ: Բայց նախընտրեց մնալ ու զենքը ձեռքին պաշտպանել իր հայրենիքը: Տիկնայք և պարոնայք, գիտե՞ք, որքան ուժ է անհրաժեշտ մահվան աչքերին անվարան նայելու համար: Պաշտպանության բանակի սպաներից շատերը նաև հրադադարի տարիներին են բազմիցս ականատես եղել, թե ինչպես է գլխավերևում սուլող գնդակների ներքո անվրդով աշխատում բանակի հրամանատարը:

Այո, եթե ոմանք թուլություն են համարում դիմացինին հարգելը, ուրիշի կարծիքը հաշվի առնելու կարողությունը, ներողամտությունը, ապա պետք է խոստովանել, որ Հայաստանի պաշտպանության նախարարը իրենց իմացած ուժեղներից չէ: Եվ փառք Աստծո, որովհետև միայն այդպիսի կիրթ, հոգատար ու խստապահանջ մարդու ղեկավարությամբ մեր բանակը կարող է պատերազմական պայմաններում բարեփոխվել ու զարգանալ:

Մեզ միշտ զարմացնում էր նաև նախարարի ֆենոմենալ հիշողությունը: Պատկերացնու՞մ եք, ծառայողական և անձնական բնույթի քանի զեկուցագիր է օրեկան ստանում ԼՂՀ պաշտպանության նախարարը: Մայրս վատառողջ էր, ու ես զեկուցագրով դիմել էի նախարարին մորս հետազոտությունը կազմակերպելու նպատակով Երևան մեկնելու համար: Նախարարը, բնականաբար, թույլատրել էր , նաև՝ օգնել: Հաջորդ անգամ, երբ նա տեսավ ինձ զորավարժության ժամանակ, զինվորական ողջյունիս պատասխանելուց հետո առաջին հարցն էր՝ «Սուրեն, ինչպես է մայրիկդ»: Ու սա ինչ-որ բացառիկ վերաբերմունք չէր: Այլ՝ հրամանատարի հոգատարություն ենթակայի նկատմամբ:

Ով կարող էր մտածել, որ ԼՂՀ պաշտպանության նախարարը երբեք որևէ զինվորականի ճանապարհին չի թողնելու, ճամփեզրին կանգնած համազգեստով մարդ տեսնելիս վարորդին հրահանգելու է կանգնեցնել մեքենան և զինծառայողին, լինի սպա թե ժամկետային, հրավիրելու է նստել իր մեքենան ու տեղ է հասցնելու նրան: Դա չէր արվում տեսախցիկների դիմաց: Այլ ամենօրյա աշխատաոճի տրամաբանական շարունակությունն էր: Այդ ոճը չի փոխվել նաև հիմա: Նոր էի ամուսնացել և կնոջս հետ զբոսնում էի Երևանի կենտրոնում , Աբովյան փողոցը հատելիս լուսակիրի կարմիր լույսի տակ կանգնած էր ՀՀ պաշտպանության նախարարի մեքենան: Նախարարը տեսավ մեզ, բարևեցի, մեքենայից ձեռքով արեց, վարորդին հրահանգեց կանգնել ու, իջնելով , մոտեցավ մեզ: Անցորդներն անասելի զարմանքով նայում էին, թե Հայաստանի պաշտպանության նախարարն ինչպես է ջերմորեն ողջագուրվում քաղաքացիական կոստյումով երիտասարդի հետ: Նախարարն ամուսնության կապակցությամբ շնորհավորեց մեզ, մաղթեց երջանկություն և հրաժեշտ տալով հեռացավ: Հաջորդ օրը ինձ նախարարություն հրավիրեցին և նախարարի օգնականը, ասելով, որ պարոն Օհանյանը, ցավոք չէր կարող անձամբ հանձնել, որովհետև մեկնել է արտերկիր, ինձ փոխանցեց նախարարի նվերը: Սա ևս ոչ թե ինչ-որ առանձնահատուկ անձնական հարաբերությունների վկայություն էր, այլ նախարարի ամենօրյա աշխատաոճի ու նրա մարդկային տեսակի դրսևորումը: Բազմաթիվ սպաներ և զինվորներ կարող են նման դեպքեր պատմել:

Նախարարի ու նրա գեղեցիկ, հայկական ընտանիքի հասցեին վայրահաչողները այն մարդկանց, ովքեր փորձում են սրտի թելադրանքով պաշտպանել իրեց հրամանատարին, համարում են վարձու ՓիԱռ անողներ: Ուրեմն, համարեք, թե ինձ էլ են «վարձել»: Ինձ «վարձել» է Սեյրան Օհանյանի բարեսրտությունն ու ռազմական գործի խոր իմացությունը, հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստակամությունն ու երկաթյա կամքը, խստությունն ու դիմացինը հանդեպ մշտական հարգանքը: Ինձ «վարձել» է նրա որդիների՝ Արթուրի և Գարիկի դաստիարակությունն ու համեստությունը: Նրա մանկավարժ ծնողների բացառիկ բարոյականությունը:

Սուրեն Սարումյան