ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սարդարապատի հուշահամալիրում, պատասխանելով լրագրողների հարցերին, համոզմունք է հայտնել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրված չի եղել և հիշեցրել է, որ մահափորձի դեպքով հարուցված քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ 20 կրակոց արձակվի ու ավտոմեքենայի մեջ գտնվողներից որևէ մեկը վնասվածք չստանա, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ նման բան հնարավոր է:

Հետաքրքիր է, որ ոստիկանապետը հասցրել է ուսումնասիրությունների արդյունքում եզրակացության հանգել, որ մահափորձը բեմադրված չի եղել, բայց այդպես էլ «չեն կարողանում» բացահայտել, թե ով է եղել այս ամենի հետևում կանգնած:

Հայաստանում օրեցօր շատանում է հանցագործությունների թիվը, 2014 թվականի գերաճով Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 4,1%-ով:

2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 256 հանցագործության դեպք, ընդ որում նշված հանցագործությունների 50,0%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:

Եվ զարմանալին այն է, որ գրեթե միշտ շատ արագ բացահայտվում են ավելի թեթև և ժողովրդի կողմից աղմուկ չբարցացրած դեպքերը, իսկ մեծ հանցագործներն իրենց արարքներով ու մաֆիաներով հանդերձ միշտ մնում են ապահով, պաշտպանված, չբացահայտված ու մեղադրյալի աթոռից շատ հեռու:

Ու ցավալի է, որ այդ «մաֆիոզները» ժողովուրդ են ղեկավարում: Խաղ է՞, ներկայացու՞մ, թե մեր ոստիկանությունը ևս վախենում է Լիսկաներից: