«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ամիսներ առաջ՝ փետրվարի 12-ին, Սերժ Սարգսյանը ՀՀԿ հայտնի նիստում հայտարարեց. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք… ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ… ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը… Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ»:
Այս խոսքերին ի պատասխան՝ Ծառուկյանը մեկ օր անց հայտարարեց. «Պատրաստվե՛ք պայքարի… Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի՝ ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից»: «Մեր խոսքը գործ է» հայտնի կարգախոսով առաջնորդվող Ծառուկյանն այս ամենից օրեր անց անհետացավ քաղաքական դաշտից՝ իր թիմին թողնելով բախտի քմահաճույքին: Բայց արդեն երկու օր է՝ նա «մարդամեջ» է դուրս գալիս՝ շրջելով հենց նույն Սերժ Սարգսյանի հետ:
Եթե կիրակի օրը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից իր անունով (Սուրբ Հովհաննես) կառուցված եկեղեցու օծման արարողության ժամանակ, Սարգսյան-Ծառուկյան զույգի առանձնահատկությունն այդքան էլ չէր ընդգծվում` պայմանավորված միջոցառմանը մասնակիցների բազմամարդ լինելու փաստով, ապա «Հայաստան» կինոթատրոնի վերաբացման դեպքում պատկերն այլ էր: Այստեղ արդեն Սերժ Սարգսյանին ուղեկցող հիմնական անձը հենց Գագիկ Ծառուկյանն էր: Լուսանկարներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «չարիքի իշխանությունը» և նրա դեմ անհաշտ պայքար հռչակած «ասպետը» վերագտել են իրենց «կորցրած սերը»` հաստատակամությամբ, որ այլևս չեն բաժանվի:
Համաձայնեք՝ այս մարդիկ իրենց պահվածքով վարկաբեկում են քաղաքականություն հասկացությունը և մարդկանց մոտ հիասթափություն հարուցում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: